Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat-73
A A
Սպորտ

«Արարատ-73». ցավալի պարտություն Լենինգրադում

«Ա1+»-ը շարունակում է «Արարատ-73»-ի հաղթանակի 50-ամյակին նվիրված նյութերի շարքը:

Խորհրդային Միության բարձրագույն լիգայի 7-րդ տուրում «Արարատը» հյուրընկալվում է Լենինգրադի «Զենիթին», որը մինչ այդ սեփական դաշտում կրել էր երեք անընդմեջ պարտություն: Չնայած անձրևային եղանակին, խաղի հենց սկզբից աշխույժ պայքար է ծավալվում: Հատկապես ակտիվ են լինում արարատցիներ, որոնք չնայած հանդես են գալիս առանց իրենց առաջատար կիսապաշտպան Արկադի Անդրեասյանի (նա այդ ժամանակ հրավիրվել էր ԽՍՀՄ հավաքական), սակայն անընդհատ վտանգավոր գրոհներ էին կազմակերպում դաշտի տերերի դարպասին: Ավաղ, եզրափակիչ հարվածները հիմնականում շեղ են ստացվում թաց խաղադաշտի պատճառով:

Բայց, հանդիպման 25-րդ րոպեին, «Արարատը» պարզապես պարտավոր էր գրավել դարպասը, սակայն Մարգարովի, Պողոսյանի և Իշտոյանի իրար ետևից կատարած վտանգավոր հարվածները «Զենիթի» դարպասապահ Պրոնինը հրաշքով ետ է մղում:

Երկրորդ կեսում լենինգրադցիները նախ հավասարեցնում են խաղը, ապա տիրում նախաձեռնությանը: Նրանց գրոհները գնալով վտանգավոր են դառնում, սակայն բոլոր դեպքերում վստահ խաղ է ցուցադրում մեր դարպասապահ Աբրահամյանը: Արարատցիների սուր հակագրոհները նույնպես արդյունք չեն տալիս:

Թվում է, որ խաղն այդպես էլ կավարտվի առանց գոլի, և հաղթողին որոշելու համար կնշանակվի 11մ հարվածաշար, սակայն «Զենիթի» վերջին գրոհի ժամանակ Գեորգի Վյունը հեռահար հարվածով գրավում է իր նախկին թիմի դարպասը՝ 1:0:

«Արարատը» երկրորդ պարտությունն է կրում առաջնությունում և վաստակած 8 միավորով նահանջում է 3-րդ հորիզոնական: Նրանից մեկ միավոր շատ ունեին Ալմա Աթայի «Կայրաթն» ու Դոնեցկի «Շախտյորը»:

Հաջորդ խաղն «Արարատն» անցկացնում է մայիսի 19-ին, Երևանում: