Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+chess
A A
Սպորտ

Հայկ Մարտիրոսյանը առաջին հաղթանակը տոնեց շախմատի «Ջերմուկ-2023» մրցաշարում

Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված շախմատի «Ջերմուկ-2023» միջազգային մրցաշարում այսօր տեղի ունեցան 7-րդ տուրի պարտիաները:

Առաջին տեղում ընթացող ամերիկահայ Սամուել Սևյանը սևերով գրոսմայստերական ոչ-ոքի խաղաց գերմանացի Ֆրեդերիկ Սվանեի հետ: Նա վաստակեց 5 միավոր և էլ ավելի ամրապնվեց առաջին հորիզոնականում, քանի որ նրան անմիջապես հաջորդող Նոդիրբեկ Յակուբոևը պարտվեց Ամին Տաբատաբային:

Մեր շախմատիստներից Ռոբերտ Հովհաննիսյանը հաշտություն կնքեց հնդիկ գրոսմայստեր Նարայանանի հետ, իսկ Հայկ Մարտիրոսյանը սպիտակներով պարտության մատնեց մրցաշարայի միակ միջազգային վարպետ Արթուր Դավթյանին:

Վաղը կկայանան նախավերջին՝ 8-րդ տուրի պարտիաները: Սամուել Սևյանը սպիտակներով կմրցի իրեն հետապնդողներից մեկի՝ Նոդիրբեկ Յակուբոևի հետ, որը ետ է մնում մեկ միավորով: Կարևոր նշանակություն ունի նաև Ամին Տաբատաբայի - Ռոբերտ Հովհաննիսյան հանդիպումը, որոնք նույնպես 4-ական միավոր ունեն: Հայկ Մարտիրոսյանը, որը դեռ պարտություն չի կրել և առաջատարին զիջում է ընդամենը մեկ բալով, վաղը կմրցի Ֆրեդերիկ Սվանեի հետ: Հենց այդ երեք պարտիաներից հետո պարզ կդառնան այն շախմատիստները, որոնք կպայքարեն մրցանակային տեղերի համար: