Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat-73
A A
Սպորտ

«Արարատ-73». Անդրեասյանի միակ գոլը հաղթական էր առաջատարի հետ խաղում

«Ա1+»-ը շարունակում է «Արարատի-73»-ի 50-ամյակին նվիրված նյութերի շարքը:

1973 թվականի մայիսի 2-ին «Արարատը» «Հրազդան» մարզադաշտում հյուրընկալում է Դնեպրոպետրովսկի «Դնեպրին», որը չորս տուրից հետո 7 միավորով գլխավորում էր մրցաշարային աղյուսակը: Արարատցիները Մինսկում տեղի «Դինամոյից» կրած նվազագույն պարտությունից հետո նահանջել էին 4-րդ հորիզոնական:

Վալերի Լոբանովսկու գլխավորած «Դնեպրը» հիմնականում ապավինում էր ամուր պաշտպանության և վտանգավոր հակագրոհների վրա: Այդ մարտավարությունը «Արարատի» հետ խաղում իրեն արդարացրեց մինչև 64-րդ րոպեն: Սակայն, երբ սկսվեց 65-րդ րոպեն, դաշտի տերերը ձեռնարկեցին հերթական գրոհն աջ եզրով, Սերգեյ Պողոսյանը գնդակը հասցեագրում է տուգանային հրապարակում գտնվող Արկադի Անդրիասյանին: Մրցակցի երկու բարձրահասակ պաշտպանների հետ օդային մենամարտում «Արարատի» 6 համարը հաղթող է դուրս գալիս և գլխի գեղեցիկ հարվածով գրավում է դարպասի ներքևի աջ անկյունը:

Խաղավերջը չնայած անցնում է արարատցիների բացահայտ առավելությամբ, սակայն նրանք չեն կարողանում երկրորդ անգամ ճեղքել «Դնեպրի» զանգվածային պաշտպանությունը և բավարարվում են նվազագույն հաղթանակով՝ 1:0:

Այդ խաղից հետո արարատցիները վաստակում են 6 միավոր, սակայն մնում են նույն՝ 4-րդ հորիզոնականում, քանի որ հաղթանակ է տոնում նաև մեր թիմից առաջ գտնվող ԲԿՄԱ-ն:

Չորս օր հետո «Արարատը» ընդունում է «Կարպատներին», որը մեկ միավորով զբաղեցնում էր նախավերջին՝ 15-րդ տեղը: