Մարզիկների պրոֆեսիոնալիզմը գնալով մեծանում է․ Հաբեթնակ Կուրղինյան
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը վերջերս Զագրեբում կայացած Եվրոպայի առաջնությունում նվաճել է 2 ոսկե մեդալ, ինչն առաջին դեպքն է 1994թ հետո։ 61 կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանը երրորդ անգամ դարձավ աշխարհամասի չեմպիոն, իսկ Վազգեն Թևանյանը՝ առաջին անգամ։
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը նման արդյունքը հիմնականում բացատրում է թիմում տիրող վստահության մթնոլորտով, և որ մարզիկների պրոֆեսիոնալիզմը գնալով մեծանում է։
Ինչ վերաբերում է մեր մյուս 6 ըմբիշների գրանցած արդյունքներին, ապա նրանցից երկուսը պարտվել են 3-րդ տեղի համար մրցամարտում, իսկ մյուսները ժամանակից շուտ են դուրս մնացել պայքարից։
«Մեր ըմբիշներից երկուսն առաջին անգամ էին մասնակցում մեծահասակների մրցաշարին։ Նրանք դեռ փորձի պակաս ունեն։ Նրանց առջև խնդիր էր դրված գոնե երեք րոպե հավասար գոտեմարտել։ Ինչ վերաբերում է 3-րդ տեղի մրցամարտերում կրած պարտություններին, ապա մի դեպքում չհերիքեց մեր մարզիկի վարպետությունը, իսկ մյուսում մրցակիցն ուժեղ էր», - պարզաբանեց գլխավոր մարզիչը։
Խոսելով առաջիկա անելիքների մասին, Հաբեթնակ Կուրղինյանն ասաց, որ աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու համար նախ ուսհավաք են անցկացնելու Ծաղկաձորում, ապա հավաքականի բոլոր կազմով մասնակցելու են Ստեփան Սարգսյանի միջազգային մրցաշարին։ Դրանից հետո նախատեսված են ևս մի քանի հավաքներ։
Նշենք, որ ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կկայանա սեպտեմբերի 16-24-ը, Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում։ Այդ մրցումների ընթացքում մեդաներից բացի կխաղարկվեն 2024 թվականի օլիմպիական խաղերի 90 ուղեգիր։