Մենք չենք խաբում, չենք թալանում եւ այս դատարկ աթոռները քաղաքական կոռուպցիայի հետեւանք են․Վ․Խաչատրյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ նիստում քննարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը, այդ պաշտոնում առաջադրվել է Արամայիս Փաշինյանի թեկնածությունը:
Ինչպես իր ելույթում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը, իհարկե, ոչ մի երկրում կոռուպցիան արմատախիլ չի եղել, սակայն կան հասարակություններ, որոնք դրան անհանդուրժողաբար են վերաբերվում: «Մեր հասարակությունը մի կողմից՝ դատապարտում է կոռուպցիան, մյուս կողմից՝ հանդուրժողական վերաբերմունք ցույց տալիս: Կոռուպցիայի կանխարգելման գործում ոչ միայն մեծ դերակատարություն ունի հանձնաժողովը, այլև բոլոր այն մարդիկ, որոնք այս կամ այն չափով ընդգրկված են կառավարման համակարգում»,- նշեց Վիգեն Խաչատրյանը:
Պատգամավորի խոսքով՝ հիմք կա այն մտքի տակ, որ ասում են՝ Հայաստանում համակարգային կոռուպցիան վերացել է, բայց այն կրում է համատարած բնույթ. «Մենք մեր աչքերը չպիտի փակենք դրա վրա: Կոռուպցիան դեռևս կրում է համատարած բնույթ. եթե անհանդուրժող վերաբերմունք լիներ, այդ համատարած բնույթը չէր լինի: Վարչապետը ճիշտ էր ասում, որ համակարգային կոռուպցիա չկա, որովհետև նախկին համակարգված կոռուպցիան լրիվ այլ կառուցվածք ուներ: Եվ պատճառը նաև այդ համակարգված կոռուպցիան էր, որ նախկին իշխանությունները քշվեցին»:
Վիգեն Խաչատրյանը իր ելույթում անդրադարձավ նաև քաղաքական կոռուպցիային և ասաց. «Հայաստանում կան արտաքին ֆինանսավորմամբ կուսակցություններ, և բոլորը ենթադրում են, թե դրանք որոնք են, բայց կոնկրետ փաստերով չեն խոսում: Ես կարծում եմ՝ հանձնաժողովի ֆունկցիաների մեջ մտնում է համոզվել՝ ինչ աղբյուրներից են ֆինանսավորվում որոշ կուսակցություններ Հայաստանում, որովհետև նրանց ֆինանսական միակ աղբյուրը պետք է լինի ՀՀ քաղաքացին: Քանի դեռ կուսակցությունը չի ֆինանսավորում ՀՀ քաղաքացին, այդ կուսակցությունը Հայաստանի պետության համար լինելու է փորձանք, պատուհաս: Մենք ունենք նաև կուսակցություն, որը ֆինանսավորվում է մեկ անհատի կողմից՝ մարդկանց անունով կուսակցություններ կան Հայաստանում: Քաղաքական կոռուպցիայով զբաղված քաղաքական ուժերը դառնում են այս կամ այն պետության գործակալը Հայաստանում կամ այս կամ այն ցնդաբանությունների ջատագովը և խարխլում են պետությունն ու հասարակական անդորրը»:
Մանրամասն՝ տեսանյութում