Բացել լրահոսը Փակել լրահոսը
902327691_1784586762773867_2241926431756560425_n
A A
Պաշտոնական

Պապոյանը կարևորել է Հայաստանի՝ ներդրումային և տեխնոլոգիական կենտրոն դառնալու ներուժը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 10-ին Ժնևում անցկացվող Համաշխարհային ներդրումային 30-րդ համաժողովի շրջանակում մասնակցել է «Համաշխարհային ներդրումների հաջորդ տասնամյակը» խորագրով նախարարարական կլոր սեղան քննարկմանը։

Նախարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական ուղղություններն ու ներդրումային առաջնահերթությունները և ընդգծել, որ Հայաստանը կարևորում է այնպիսի ներդրումների ներգրավումը, որոնք կապահովեն ոչ միայն կապիտալի ներհոսք, այլև կնպաստեն արտադրության զարգացմանը, նոր տեխնոլոգիաների ներդրմանն ու միջազգային փորձի փոխանակմանը։

Գևորգ Պապոյանը խոսել է նաև տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում Հայաստանի ունեցած մեծ ներուժի ու զարգացման հեռանկարների մասին՝ կարևորելով երկիրը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոնի վերածելու ռազմավարական նպատակը։ Որպես այս ոլորտում նշանակալի ներդրումային նախաձեռնություն նախարարը մատնանշել է «Firebird AI»-ի գործարանի նախագիծը։

Նախարարն իր ելույթում անդրադարձել է նաև կանաչ տնտեսության ոլորտի զարգացմանը, մասնավորապես՝ կանաչ ջրածնի և կենսագազի արտադրության ծրագրերին, ինչպես նաև այս ուղղությամբ միջազգային գործընկերների հետ համագործակցության հնարավորություններին։

Գևորգ Պապոյանը կարևորել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և TRIPP նախագծի նշանակությունը Հայաստանի՝ որպես տարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ հանգույցի կայացման գործում։

Քննարկմանը ներկա էին Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրենի տեղակալ Արամ Վարդանյանը։