Նոր տարվա շեմին․ «Ա1+»
Աջակցիր «Ա1+»-ինՄի քանի ժամից կավարտվի տարին, որը, հատկապես վերջին 20 օրերին, շատ երկար է թվում։ Տարին ավարտվում է՝ անորոշության մեջ թողնելով շատերին, տուն՝ Արցախ, չհասցնելով մի քանի հարյուր հոգու, 120 000-ից ավելի քաղաքացու պահելով պատանդի կարգավիճակում, իսկ մեր երկիրը՝ պատերազմի եւ խաղաղության խաչմերուկում։ Ու սա աշխարհի միայն մեր փոքրիկ անկյունում... Մյուս անկյուններում էլ հանգիստ չէ:
Շատերն այս պահին հակասական զգացողություններով ամանորյա սեղաններ են զարդարում, շատերը գնում են Եռաբլուր։ Կեսգիշերից սկսած մաղթանքներ կհնչեն, որոնց մեջ կրկին առաջինը կլինի խաղաղությունը։ Լուռ բաժակներ կբարձրացվեն հայրենիքի համար զոհվածների հիշատակին։
Դեկտեմբերի 31-ի երեկոն՝ անցնող տարին ամփոփելու եւ նաեւ շնորհակալություն հայտնելու ժամանակ է։
«Ա1+»-ի համար տարին շատ դժվար էր․․․
Ուզում ենք շնորհակալություն հայտնել բոլորին՝ «Ա1+»-ի աջակցության խնդրանքին արձագանքելու համար։ Նրանց, ովքեր ֆինանսապես օգնեցին, նրանց, ովքեր տարածեցին մեր հայտարարությունը, նրանց, ովքեր հոգեբանորեն աջակցեցին՝ շարունակելով այցելել մեր կայք եւ դիտել մեր տեսանյութերը։
Շնորհակալ ենք, սիրելի ընթերցող։
Վստահ ենք, որ մեր դժվարությունները ժամանակավոր են, եւ դրանք էլ կանցնեն՝ մեր երկրում արժանապատիվ խաղաղության, տնտեսական կայունության հաստատման, բարեխիղճ լրագրության արժեքները գնահատելուն զուգահեռ։
Մաղթում ենք, որ 2023թ Հայաստանի եւ հայ ժողովրդի համար լինի խաղաղության, կայունության, բարգավաճման, հաղթանակների, կորցրած ուրախության ու երջանկության վերականգման, ոտքի կանգնելու տարի։
Կհանդիպենք 2023թ-ին՝ հավատարիմ մեր կարգախոսին՝ Դիտեք մեզ, ճանաչեք ձեզ։
Սիրով՝ «Ա1+»
Հ․ Գ․ Մենք կշարունակենք աշխատել նաեւ տոնական օրերին, բայց փոքր-ինչ՝ թեթեւ ռեժիմով։