Բացել լրահոսը Փակել լրահոսը
318177671_473977158184348_5590227376999697135_n
A A
Տնտեսություն

Կլիմայական ցուցանիշների վերաբերյալ մոնիտորինգը վատ է իրականացվում․ ազգային փորձագետ

Դուք ինչքա՞ն  գումար եք տալիս,- սա այն հարցն է, որն ամենից հաճախ լսում է  ԵՄ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելքը» ծրագրի ազգային  փորձագետ Արտեմ  Խարազյանը։

Մենք  գումար չենք տալիս,- լինում է պատասխանը։

«Մենք կարող ենք կազմակերպել խորհրդատվական  աջակցություն»,- նշում է պարոն  Խարազյանը՝  հավելով՝  համայնքներին տրամադրում են տեխնիկական  աջակցություն՝ մշակելու  կայուն էներգետիկ զարգացման և կլիմայական գործողությունների ծրագրեր, որոնք կարող են իրականացվել տարբեր  դոնոր կառույցների միջոցով։ 

«Եվրամիությունում ենթադրում են՝  եթե քաղաքն ունի կամք միանալու դաշնագրին,  ապա  կգտնի միջոցներ՝ օրինակ՝ սուբվենցիոն ծրագրերի միջոցով  այդ գործողություններն անելու համար»,- ասում է նա։

Իհարկե, լինում են դեպքեր, երբ ծրագիրն իրականացվում է ԵՄ տրամադրած դրամաշնորհի միջոցով, ինչպես  օրինակ՝ եղել է Երեւանի դեպքում։  «ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք»  ծրագրի համար գումարի 80 տոկոսը տրամադրել է ԵՄ-ն, մնացածը՝ քաղաքապետարանը։

 «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելքը» ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագիր է,  որի նպատակն է աջակցել  ինքնակառավարման մարմիններին և տարածաշրջանային իշխանություններին՝ Արևելյան գործընկերության երկրներում հանուն «կանաչ տնտեսության» ծրագրեր իրականացնելիս։

Կամավոր միանալով այս դաշնագրին՝  համայնքները պարտավորվում են մինչեւ 2030 թվականը  30 տոկոսով նվազեցնել  ածխաթթու գազի (CO2) արտանետումները։

«Նրանք պետք է գնահատեն արտանետումների քանակը ելակետային տարում, ցանկացած համայնք  ինքն է որոշում ՝ որ տարին է ընտրում։ Համայնքը հավաքում է տվյալներ էներգասպառման մասին, օրինակ՝ մանկապարտեզում  էլեկտրաէներգիայի,  համայնքապետարանում՝ գազի ծախս,  տրանսպորտի ծախս, եւ այլն։ Դրանց միջոցով մենք գնահատում ենք արտանետումների մակարդակը, եւ այդ  դառնում է բազային տվյալը, որն էլ պետք է նվազեցվի մինչեւ 30 տոկոսով»,- ասում է փորձագետը։

  Իսկ ինչպիսի՞ն են արդեն իսկ միացած համայնքների արդյունքները։  Ավելի վաղ միացած մոտ 10 համայնք  կամավոր պարտավորվել էր մինչեւ 2020թ 20 տոկոսով նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները։

 «Կլիմայական ցուցանիշների վերաբերյալ մոնիտորինգը մեր երկրում շատ վատ է իրականացվում»,-ասում է Արտեմ Խարազյանը։

Ըստ նրա՝  2000-ից ավելի սուբվենցիոն ծրագիր   է իրականացվում, որոնցից մի մասը (ջերմամեկուսացման, լուսավորության համակարգերի արդիականացման) բերում է ջերմոցային  գազերի արտանետումների նվազեցման,  բայց կլիմայական բաղադրիչի վերաբերյալ  մոնիտորինգ չի արվում,  ցուցանիշ չկա, հաշվետվություններ չկան։

Փորձագետը  կարծում է, լուծումը կլինի այն, երբ պետությունը պահանջ դնի՝ համայնքներն առնվազն տարին մեկ անգամ պարտադիր պետք է ներկայացնեն ինչ ծրագրեր են  իրականացրել, որն է եղել կլիմայական բաղադրիչը, արտանետումների վրա ազդեցությունը։

Նման գնահատումներն արվում են տեսական մակարդակով՝ մասնավորապես իրականացնելով  ծախսերի հաշվարկը։

Արտեմ Խարազյանը Թբիլիսիում  նոյեմբերի վերջին մասնակցել էր  «Քաղաքապետերի դաշնագրի 10-ամյակն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» խորագրով բարձր մակարդակի համաժողովին, որտեղ  ներկայացվում էին տարբեր երկրներում գրանցված հաջողությունները։

Արդյո՞ք կային «նախանձելի» օրինակներ՝  «Ա1+»-ի հարցին՝ նա պատասխանեց՝  կդժվարանա առանձնացնել, բայց  իրեն հիացնում են   ծրագրերն իրականացնելիս  Ուկրաինայի եւ Մոլդովայի ՏԻՄ ղեկավարների հետեւողականությունն ու նվիրվածությունը, նորարարական մոտեցումները։    10 տարուց ավելի ազգային փորձագետի կարգավիճակ ունեցող Արտեմ Խարազյանը կցանկանար՝ նույնպիսին լինեին Դաշնագրին միացած  հայաստանցի ներկայացուցիչները։

Հիշեցնենք,   «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելքը»  նախաձեռնությանը Հայաստանում միացել է 28 համայնք, որոնցից 12-ն արդեն մշակել են   Քաղաքի կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրերը: Նրանցից 14 –ը սահմանված ժամկետում չի մշակել, ուստի անդամակցությունը  կասեցված է մինչեւ  դրանց ներկայացումը։