Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ապրելու երկիր
A A
Քաղաքականություն

«Ապրելու Երկիր» կուսակցության հայտարարությունը Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված հակաադրբեջանական բանաձևի վերաբերյալ

«Ապրելու Երկիր» կուսակցության հայտարարությունը

Ֆրանսիայի Սենատի կողմից Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելուն վերաբերող բանաձևի ընդունումը մեզ համար շատ կարևոր միջազգային զարգացում է։ Ֆրանսիայի օրենսդիրի այս փաստաթուղթը լավագույնս է ներկայացնում այն մեխանիզմերն ու գործիքները, որոնցով պետք է զսպվեն Ադրբեջանի ծավալապաշտական և հանցագործ նկրտումները։

Փաստաթուղթն Ադրբեջանին համամարդկային և միջազգային խաղի կանոններ հարգել ստիպելու մասին է, պարտադրանք՝ հարգելու այլ պետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը․ հակառակ դեպքում, միջազգային քրեական դատարանի առջև կանգնելը պետք է անխուսափելի դառնա։

Դրա հետ մեկտեղ, բանաձևում, կարևոր արձանագրում կա Արցախի մասով․ կայուն խաղաղություն հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման դեպքում։ Սա պետք է ամրագրվի բանակցություններում և այս օրակարգից շեղում չլինի։

«Ապրելու երկիր» կուսակցությունը ողջունում է մեր բարեկամ Ֆրանսիայի Սենատի այս նախաձեռնությունը։ Թերևս սա պետք է օրինակ դառնա համաշխարհային այլ խաղացողների համար և ունենա գործնական շարունակություն։ Աշխարհաքաղաքական անկայուն այս իրավիճակում Ադրբեջանի ախորժակը զսպել հնարավոր է միայն միջազգային ճնշման, համամարդկային իրավունքները պաշտպանելու հարցում հետևողականության և հանցագործին իրեն հասանելիք պատիժը սահմանելու դեպքում։

Հույս ենք հայտնում, որ Ֆրանսիայի Սենատի կոչերը կունենան բովանդակային շարունակություն, և առաջիկայում Ֆրանսիայի կառավարության կողմից կլինեն գործուն քայլեր բանաձևը կյանքի կոչելու համար։