Վրացական գազի խողովակը չի վաճառվում (տեսանյութ)
«Վրաստանը չի պատրաստվում իր տարածքով դեպի Հայաստան մատակարարվող գազի խողովակաշարը վաճառել որեւէ երկրի, այդ թվում եւ Ադրբեջանին»,-այս մասին այսօր Երեւանում հայտարարեց մեկօրյա այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին:
«Գազամուղը ռազմավարական նշանակության օբյեկտների ցանկում է, իսկ այդ ցանկում ընդգրկված բոլոր օբյեկտները կարող են գտնվել միմիայն Վրաստանի իշխանությունների ենթակայության տակ»,-ասաց նա այսօր հայ պաշտոնակցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Նիկա Գիլաուրին այսօր մեկօրյա այցի ընթացքում հանդիպել է ՀՀ վարչապետի հետ, քննարկել մի շարք հարցեր, որոնք առակա են հայ-վրացական տնտեսական համագործակցության մեջ:
Ասուլիսի ժամանակ Տիգրան Սարգսյանը մանրամասնեց, որ այդ միասնական մաքսային ծառայության ստեղծման խնդիրն է, ճանապարհաշինությունը, ինչպես նաև հայ- վրացական սահմանը հատող եւ տարանցում իրականացնող մարդատար եւ բեռնատար մեքենաների հարցը:
«Վրաստանում ընդունվել են նոր օրենքներ, որոնք սահմանում են նոր ռեժիմ: Ուստի մեր համապատասխան գերատեսչությունները պետք է համատեղ աշխատեն այս բնագավառներում: Պայմանավորվել ենք շարունակել համագործակցությունը բոլոր համաձայնեցված ոլորտներում»,-ասաց Տիգրան Սարգսյանը:
«Քննարկել ենք ընդհանուր սահմանային կետերի հարցը, մասնավորապես, տարանցում իրականացնելու մանրամասները, ինչը կարծում եմ մեծ նշանակություն ունի Հայաստանի համար»,-հավելեց Նիկա Գիլաուրին:
Ասուլիսի ընթացքում վարչապետները խոսեցին նաեւ հա-վրացական սահմանակետերում այսօր տիրող իրավիճակից: Մասնավորապես 2011թ.հունվարի 1 -ից Հայաստանում գործող ԱՊՊԱ-ի հետ կապված խնդիրներից, Վրաստան մուտք գործող բեռնատարներից մաքսատուրք գանձելու վրացական օրենքի մասին:
«Վրացական կողմի հետ պայմանավորվել ենք այս գործառույթները այնպես կազմակերպել, որ մեր տնտեսվարողների եւ քաղաքացիների համար անհարմարություններն հասնեն մինիմումի: Պայմանավորվել ենք նաեւ, որ ֆինանսական ծախսատարության երկկողմանի պարիտետն անպայման, պահպանվի»,-ասաց նա:
Հայաստանի եւ Վրաստանի վարչապետները քննարկել են նաեւ տնտեսական սոցիալական խնդիրներ ինչպես ասենք, թե ինչպես են Վրաստանում պայքարում գնաճի դեմ ու թե ինչ քայլեր է եղել Հայաստանը այդ ուղղությամբ:
«Աշխարհը այսօր չի առաջարկել արդյունավետ գործիքներ, որոնք հնարավորություն կտան չեզոքացնել գնաճային բարձր ճնշումները, որոնք գալիս են մեր երկրների վրա: Գնաճը հայկական կամ վրացական ֆենոմեն չի, այլ պայմանավորված է համաշխարհային շուկաներում ստեղծված իրավիճակներով»,-ասաց Տիգրան Սարգսյանը: