Տնտեսագետը հրաժարական է ակնկալում
Եթե Հայաստանը քիչ թե շատ նորմալ երկիր լիներ, ապա ԿԲ նախագահը, կամ ամբողջ խորհուրդը պետք է հրաժարական տար. «Ա1+»-ի հետ զրույցում այսպիսի գնահատական տվեց Երևանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
Նրա կարծիքով` ԿԲ-ն անպատասխանատու մոտեցում է ցուցաբերում սահմանադրությամբ սահմանված իր հիմնական աշխատանքին, որն է` գնաճի կանխատեսումը և այդ կանխատեսման ապահովումը:
Ընդամենը մի քանի օր առաջ, համաշխարհային պարենային գների աճով պայմանավորված, ԿԲ-ի դրամավարկային քաղաքականության վարչության պետ Արթուր Ստեփանյանը Հայաստանում ապրանքների գների 9%-անոց աճ էր կանխատեսել:
«Այն կանխատեսումները, որը ԿԲ կողմից արվում է հիմա, պետք է լիներ անցած տարվա դեկտեմբերին, երբ քննարկվում էր բյուջեն, երբ որ սահմանվում էին մակրոտնտեսական ցուցանիշները` գումարած գնաճի վերին և ստորին շեմը (4+,-1.5%),- մեկնաբանելով ԿԲ կանխատեսումը` նշեց Խաչատրյանը,- Այն ժամանակ, դեռևս, կանխատեսվում էր միջազգային շուկայում պարենային ապրանքների գնի 2,5-3% աճ, և հաշվի առնելով այս հանգամանքը Հայաստանի իշխանությունները պետք է ընդունեին այնպիսի մի շեմ (թիվ), որը իրականությանը համապատասխան լիներ»:
Ըստ տնտեսագետի` գնաճի պատճառը ոչ միայն համաշխարհային պարենային ապրանքների գների աճն է, այլ նաև Հայաստանի տնեսության կենտրոնացված, օլիգարխիկ համակարգը:
Անդրադառնալով այն պնդմանը, թե ԿԲ-ի կողմից լողացող փոխարժեքի քաղաքականություն է վարվում, Վահագն Խաչատրյանն ասաց. «Եթե ազատ շուկա չկա, եթե մենաշնորհների դեմ պայքար չկա, ապա ԿԲ-ն ուզենա էլ, չի կարող լողացող փոխարժեքի քաղաքականություն վարել»:
Ըստ տնտեսագետի` ՀՀ ԿԲ-ն շարունակում է ֆիքսված կուրսի քաղաքականություն վարել:
Դեպի սուպերմարկետ
Արգելելով բացօթյա առևտուրը` քաղաքային իշխանությունները պարզապես սպառողներին մղում են սուպերմարկետներ` էլ ավելի կենտրոնացնելով շուկան,- նկատում է Վահագն Խաչատրյանը:
«Այսօրվա Հայաստանի պայմաններում, երբ գործազրկությունը 45% է, անիմաստ և անտեղի քայլ էր, և հետո, գոնե ձմռանը ոչ մի համայնքային իշխանություն նման հարցեր չի լուծում,- ասաց Խաչատրյանը- Շատ զարգացած երկրների քաղաքներում, որտեղ համոզված եմ եղել է ներկայիս քաղաքապետը, շատ նորմալ պայմաններում բացօթյա առևտուր է իրականացվում: Ինչո՞ւ այդ փորձը չկիրառվեց, այլ այսպիսի կտրուկ քայլեր արվեցին` առավել սրելով սոցիալական վիճակը»:
Վահագն Խաչատրյանը նշեց, որ այս խնդրի հետ կապված, ՀԱԿ տնտեսական հանձնաժողովը ուսումնասիրություն է անցկացնում, որը ամենայն հավանականությամբ կհրապարակվի փետրվարի 18-ի հանրահավաքում: