Բացել լրահոսը Փակել լրահոսը
mher-arshakyan-1
A A
Մշակույթ

Եթե մարդիկ գիրք չկարդան, չեն իմանա, թե իրենց ինչին է պետք Հայաստանը․ Մհեր Արշակյան

«Անտարեսից» երկու գիրք գնեցի՝ Արքեմնիկ Նիկողոսյանի «Չարենց երեք ուսումնասիրություն» և Ֆրանսուա Մորիակի «Իժերի կծիկը»։ Չէի կարդացել,-  ասում է հրապարակախոս, «Ա1+»-ի նախկին լրագրող Մհեր Արշակյանը։ Նրան  «Ա1+»-ը հանդիպեց Գրքի երևանյան 5-րդ փառատոնի ժամանակ։ 

Հրապարակախոսը խոստովանեց, որ հիմա այդքան հաճախ չի մտնում գրախանութներ, վերջին կես տարում, երևի մեկ–երկու անգամ մտած լինի․ «Փառատոնը իսկը տեղին էր, քանի որ նման բան բաց թողնել չէր լինի։ Գրքի փառատոնը միշտ տարվա իրադարձություն է ու կլինի տարվա իրադարձություն»,- ասաց նա։

Մհեր Արշակյանի հետ զրույցը ստորեւ․

–Մի կողմից պատերազմ, մյուս կողմից Գրքի փառատոն, մարդիկ, որ գիրք են գնում, քննարկում նորույթները։ Միգուցե հենց սա է, որ ապրեցրել ու ապրեցնում է մեր ազգը․․․

–Եթե մարդիկ գիրք չկարդան, չեն իմանա, թե իրենց ինչին է պետք Հայաստանը։ Հիմա, երբ մեր լինել–չլինելու հարցն է դրված, պարզ է, չէ՞, որ հո բոլորը չեն սահմանին կանգնած։ Մարդիկ ուզում են հասկանան,  լինելու է Հայաստանը, թե չի լինելու։ Բայց պետք է իմանան, որ իրենցից է նաև կախված։ Դրա համար էլ պետք է գրքեր կարդան, որ ինչ–որ բաներ կարողանան հասկանալ։

–Դու շատ գիրք ես կարդացել և շարունակում ես գնել ու կարդալ։ Արդյո՞ք գտել ես քո հարցերի պատասխանները։

–Գիրքը ուղղակի ընդլայնում է հարցերի շրջանակը։ Գրքի լավն այն է, որ սովորեցնում է չբավարարավել պատասխաններով։

–Այսօր նոր սերունդն ունի՞, օրինակ,  իր Պարույր Սևակը։

–Օրինակ, Հուսիկ Արան բոլորովին էլ վատ պոետ չի։ Ինձ որ հարցնեն Սևակից էլ լավն ա։ Գիտես, խորհրդային տարիներին քանի որ ամեն ինչ չէր, որ թույլատրվում էր կարդալ, կարդում էին եղած լավագույնը։ Իսկ եղած լավագույնը շատ չէր։

–Ի՞նչ ես մտածում մեր իրականության մասին։

–Ոչ լավատես եմ, ոչ հոռետես եմ, ոչ էլ ,անգամ իրատես։ Կարծում եմ, որ բավարար տաղանդավոր չեմ, որպեսզի իմ ժամանակից մի վարկյան իսկ առաջ ընկնեմ։ Ժամանակը ցույց կտա։

 

Զրուցեց Ռուզան Մկրտչյանը