Բացել լրահոսը Փակել լրահոսը
նկար
A A
Հասարակություն

Ստեփանակերտում կայացել է Խաչերթ՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի նահատակների (տեսանյութ)

Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել Խաչերթ՝ ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմում հանուն հայրենիքի պաշտպանության նահատակվածների:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Խաչերթի մեկնարկից առաջ եկեղեցու բակում հավաքվածներին խոսքով է դիմել ՀԱԵ Արցախի թեմի փոխառաջնորդ Տեր Սահակ վարդապետ Շաքարյանը:

«Երկու տարիների հեռավորությունից մենք կրկին հավաքվել ենք՝ միասնաբար ոգեկոչելու 44-օրյա պատերազմում նահատակված մեր սրբազան եղբայրների ու քույրերի հիշատակը: Այսօր նաև ուխտի և ուխտի նորոգման օր է: Սուրբ գիրքն ասում է, որ Աստված ապաշխարանքից հետո է միայն ներում: Մենք այսօր չպետք է շտապենք մեր քայլերի մեջ, պետք է լինենք հավասարակշռված ու փորձենք ազգային մեր ներուժը ՝ խաչի օգնությամբ, հավատքի վրա խարսխված և աստվածատուր ազգային մեր շնորհն ի ցույց դնելոն, երկիրը կրկին վերազարթնեցնել և պայծառացնել: Այսօր դեպի մեր հոգին նայելու պահ է և թող յուրաքանչյուրիս համար վերածննդի օր լինի»,- ասել է Տեր Սահակ վարդապետ Շաքարյանը: