Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԲ-ն կզսպի գնաճը (տեսանյութ)

Տնտեսություն
8c82781e7925decaf9618fcc9df2ee7e

2011թ. միայն 2-րդ կիսամյակից հնարավոր կլինի զսպել բարձր գնաճը: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության պետ Արթուր Ստեփանյանն` ավելացնելով, որ այս հաշվարկներում ներառված չէ գազի գնի հնարավոր թանկացումը: Նա հայտարարեց, որ մինչ այս պահն այդ մասին իրենց պաշտոնապես ոչինչ չի ասվել:

Մինչ 2011թ. 1-ին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի ամբողջական ներկայացումը, Արթուր Ստեփանյանն անդրադարձավ 2010թ.-ի գնաճային զարգացումներին, որոնցով էլ, նրա ասելով, պայմանավորված կլինեն այս տարվա գնաճի միտումները:

2010թ.-ին արձանագրված բարձր գնաճը` 9,4 տոկոս, ըստ ԿԲ ներկայացուցչի` կշարունակվի նաեւ 2011թ. 1-ին կիսամյակում, որի պատճառը հատկապես պարենային ապրանքների միջազգային գների թռիչքային աճն է` շուրջ 40 տոկոս:

Արթուր Ստեփանյանը վստահեցրեց, որ 9,4 տոկոս գնաճի 7,5 տոկոսը ՀՀ-ում ձեւավորել են պարենային ներքին ապրանքների բարձր գները, որոնք պայմանավորված են անցած տարվա եղանակային անբարենպաստ տարով: 2010թ.-ին գյուղատնտեսության 13 տոկոս անկում է եղել:

Արդեն 2011թ. կանխատեսումներով ակնկալվում է գյուղատնտեսության 7-9 տոկոս աճ, որին, ըստ պարոն Ստեփանյանի` պետք է նպաստեն սերմնաբուծության եւ ցանքատարածությունների ավելացումները, որոնք էլ իրենց հերթին կմեղմեն գնաճը:

Գնաճի արագ զսպանը կուղղվեն նաեւ ԿԲ-ի դրամավարկային քաղաքականությունը, այն է` դրամավարկային պայմանների խոստացում, ապադոլարացման միջոցառումներ. «Արդեն այդ ուղղությամբ գործում է մեր որոշումներից մեկը` ԿԲ-ում ներգրաված արտարժույթով միջոցների արդեն 75 տոկոսն է պահուստավորվելու դրամով»: Ինչ վերաբերում է ՀՆԱ-ին, ապա այն կգտնվի 4,1-5,7 տոկոսի միջակայքում:

Անդրադառնալով ԿԲ քաղաքականությանն ընդհանրապես` Արթուր Ստեփանյանը նշեց, որ ոչ մի երկրի ԿԲ ուղղակիորեն չի կարող ներգործել առանձին ապրանքային շուկաների, մասնավորապես դրանց գների վրա: Սակայն այս տարվանից պետական այլ կառույցների հետ համատեղ խիստ վերահսկողություն են իրականացվելու առանձին ապրանքատեսակների, մասնավորապես առաջին անհրաժեշտության ապրանքների գնագոյացման վրա դարձյալ մեկ նպատակով` զսպել գնաճը:

Ինչ վերաբերում է արժութային շուկայում ԿԲ միջամտությանը, ապա Արթուր Ստեփանյանը հավաստիացրեց, որ ունենալով լողացող փոխարժեք` ԿԲ-ն իսկապես երբեմն միջամտում է արժութային շուկային. «Սակայն այդ միջամտությունները ուղղված են վճարային հաշվեկշռից եկող սեզոնային հոսքերի պատճառով տատանումները հարթելուն ու որեւէ նպատակ չունեն որեւէ մակարդակ ձեւավորել: Մենք հող ենք ստեղծում կայուն փոխարժեքի ձեւավորմանն ու վերացնում այն սպեկուլյատիվ հարձակումները, որոնք կարող են արժութային շուկայում տեղի ունենալ»: