Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Վերանորոգվում են երևանյան շատրվանների պոմպերը (տեսանյութ)

Մայրաքաղաքում շահագործվում է 27 շատրվան և 8 ջրավազան: Ջրային այս կառույցների անխափան աշխատանքը կազմակերպելու նպատակով Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով նորոգման միջոցառումներ կսկսվեն 6 հասցեներում:

«12 պոմպ է այս տարվա ընթացքում վերանորոգվելու, որոնք կազմում են վեց շատրվանի հանգույցները: Դեռևս նախորդ տարի Երևանի քաղաքապետի կողմից որոշում կայացվեց ծրագիրն իրականացնել, որպեսզի խուսափենք հաճախակի խափանումներից: Նախ նախագծի մրցույթ իրականացվեց և հիմա արդեն մեկնարկել է նաև շինարարությունը»,- նշում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը:

Ծրագրում առաջնահերթության կարգով ընդգրկվել են այն շատրվանների պոմպակայանները, որոնք շահագործման օրվանից ի վեր երբևէ չեն հիմնանորոգվել:


«Խնդիրը մեր պոմպերի ու շարժիչների փոխարինումն էր: Դրանք արդեն ֆիզիկապես մաշվել էին, ամիսը երկու երեք անգամ վթարվում էին, արդեն հասել էր այն վիճակին, որ այդ պոմպերն անիմաստ էր վերանորոգել: Հիմա դրանք փոխարինվում են, և երկար տարիներ շատրվանը կգործի»,- նշում է Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ՓԲԸ գլխավոր ճարտարագետ Վաղարշակ Վաղարշակյանը:
«Ժամանակի ընթացքում կոռոզիայի էին ենթարկվել մետաղական բոլոր կառուցները, միանշանակ է, որ այս պոմպակայանները վերանորոգման կարիք ունեին: Այս պահին կատարվում են ապամոնտաժման աշխատանքներ, որից հետո ըստ փուլերի կկատարենք համաշինարարական, մոնտաժման ու էլեկտրականության աշխատանքներ և կհանձնենք շահագործման»-, նշում է «ՌԱՖ ՕՋԱԽ» ընկերության ճարտարագետ-հիդրոտեխնիկ Վաչե Գալստյանը:

Գործընթացը մեկնարկել է «Հանրապետության հրապարակ» կայարանի և Գայի արձանի դիմացի հատվածի գեղարվեստական շատրվաններից: Մասնագետները վստահեցնում են. այնպիսի հաշվարկներ են արվել, որ շատրվանները երկար ժամանակ անխափան աշխատեն:


Պոմպերի ու շարժիչների փոխարինմանը զուգահեռ՝ ծրագրով, ի դեպ, նորոգվում են նաև պոմպակայանները:
«Բոլոր պոմպակայաններում նախագծողի հետ ուսումնասիրություններ են արվել, հիդրավլիկական հաշվարկներ և, ելնելով տեղանքից ու շատրվանների բարձրությունից, հիմնարար եզրակացություն ունենք, թե որ կայարանի համար ինչ տիպի պոմպեր ենք տեղադրելու»,- ընդգծում է Վաչե Գալստյանը:
«Աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի: Հուսով ենք՝ 100% արդյունավետություն կապահովվի, և մենք ավարտին կունենանք վերազինված պոմպային համակարգ»,- նկատում է Արսեն Կարոյանը:
Երևանյան ինքնատիպ միջավայրին մշտապես թարմ շունչ հաղորդող ջրային կառույցների պատմությունը սկիզբ է առնում 18-րդ դարից: «Ջրախոս» այս կոթողները տարիների ընթացքում դարձան ոչ միայն Երևանի հմայքն ընդգծող խորհրդանիշերից մեկը, այլև առանձնացան կենսական նշանակությամբ: