Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Որտեղ իվերջո կհանգրվանեն Արցախի գորգերը․ հանրային քննարկում (տեսանյութ)

Շուշիում գործող պետական ու մասնավոր թանգարաններից ու  պատկերասրահներից 44-օրյա պատերազմի ժամանակ չնչին քանակությամբ ցուցանմուշներ են տարհանվել, որոնց թվում Շուշիի գորգերի մասնավոր թանգարանի նմուշների մեծ մասը։ Սակայն մինչ օրս Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանի խոսքով, թե որտեղ կհանգրվանեն արժեքավոր գորգերը պարզ չէ։

Պատերազմից հետո գորգերը ցուցադրվում էին Երևանում` Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: Ցուցադրությունը հավաքել են և հիմա Վարդան Ասծատրյանը չգիտի, թե ուր տանի։ Վստահ է եղել, որ համապատասխան մարմինները լուծում կտան հարցին։ ԿԳՄՍՆ ներկայացուցիչները հանդիպում են ունեցել պարոն Ասծատրյանի հետ։ Նրան առաջարկվել է գորգերն ի պահ տալ Հայաստանի պատմության կամ Սարդարապատի թանգարանին, սակայն պարոն Ասծատրյանը համաձայն չէ, քանի որ, նրա խոսքով, գորգերի պահպանման համար հատուկ պայմաններ են պետք, պահոցներում ցեց կա, իսկ ցուցադրելու տեղ թանգարաններում չկա։

«Դա եզակի արժեքավոր հավաքածու է, աշխարհում կերազեին այդպիսի մշակույթ ունենային։ Շատ առաջարկներ եմ ստացել վաճառել հավաքածուն, սակայն երբևէ նման բան չեմ անի, քանի որ սա մեր ժողովրդի ժառանգությունն է։ Գորգերի թանգարանը պետական թանգարանի կարգավիճակ պետք է ունենա։ Մինչդեռ Ադրբեջանն սկսել է շահարկել այս թեման և ՅՈւՆԵՍԿՕ է հասցրել բողոքը, իբր սրանք առևանգված ադրբեջանական գորգեր են»,- ասում է թանգարանի հիմնադիրը:

Խորհրդի անդամ Արև Սամուելյանը իր խոսքում ընդգծեց, որ Ադրբեջանն ունի գորգերի 14 թանգարան, մինչդեռ Հայաստանում գորգերի թանգարան ընդհանրապես չկա։ 

Կառուցողական լուծում տալու նպատակով հրավիրվել էր հանրային խորհուրդ, որն էլ քննարկման արդյունքում որոշեց նամակ գրել կառավարություն։