Բացել լրահոսը Փակել լրահոսը
1084445
A A
Տնտեսություն

Հայաստանը և Չինաստանը կհամագործակցեն արբանյակային պատկերների կիրառման ոլորտում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և ՉԺՀ բնական պաշարների նախարարության երկրի արբանյակային հեռազննման կիրառության  կենտրոնի (ԵԱՀԿԿ) միջև ստորագրվել է «Արբանյակային պատկերների կիրառման ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթն ստորագրել են Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ԵԱՀԿԿ գլխավոր տնօրեն Վանգ Քվանը և ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը:

Ինչպես տեղեկացնում է Գիտության կոմիտեի կայքը, հուշագրի նպատակը երկրի արբանյակային հեռազննման տվյալների և տեխնոլոգիաների կիրառման ոլորտում հայ-չինական գիտական համագործակցության զարգացումն է:

«Համագործակցության շրջանակներում չինական կողմը հայկական կողմին, ի դեմս ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի, անվճար կտրամադրի ՀՀ բնական ռեսուրսների վերաբերյալ արբանյակային հեռազննման արդյունքում ստացած տվյալներ: Հայ և չինացի մասնագետները համատեղ կաշխատեն հետևյալ ուղղություններով՝ բարձր լուծաչափով հեռազննման տվյալների մշակում, համատեղ չափորոշում և արտադրանքի ստուգում, ՀՀ բնական ռեսուրսների արբանյակային պատկերների հիման վրա 1:25,000 և 1:50,000 աշխարհատարածական տեղեկատվական արտադրանքների ստեղծում և թարմացում, աշխարհատարածական տեղեկատվության վերհանում և փոփոխությունների հայտնաբերում հեռազննման տեխնոլոգիաների կիրառմամբ: Հեռազննման տվյալները և GIS համակարգերը կկիրառվեն գյուղատնտեսության, անտառային տնտեսության, ջրային պաշարների պահպանման, հողային ռեսուրսների կառավարման, քաղաքաշինության, էկոլոգիական միջավայրի, աղետների կանխարգելման ու դրանց հետևանքների մեղմման և այլ ոլորտներում»,- ասվում է հաղորդագրության մեջ: