Բացել լրահոսը Փակել լրահոսը
GEV_2472
A A
Տնտեսություն

Կառավարությունը կփոխհատուցի լաստանավով բեռնափոխադրումների տեղափոխման ծախսերը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Կառավարությունը հաստատել է ՀՀ տարածքից արտահանման կամ ՀՀ տարածք ներմուծման նպատակով բեռների՝ լաստանավով տեղափոխման դեպքում առաջացած լրացուցիչ ծախսերի նվազեցմանն ուղղված միջոցառումը: Ըստ հիմնավորման՝ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՌԴ-ից ՀՀ միակ գործող ցամաքային ուղու` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի՝ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով պարբերաբար փակվելու հետևանքով ՀՀ բեռնափոխադրումների շրջանում առաջացող խնդիրների նվազեցմամբ։ Ըստ այդմ՝ առաջարկվում է լաստանավով տեղափոխման ծախսերի փոխհատուցում։       Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լաստանավով բեռնափոխադրման դեպքում Լարսով փոխադրելու համեմատ ծախսերն ավելանում են լաստանավի փոխադրման վրա կատարված ծախսի չափով։ Նախատեսվում է փոխհատուցել  լաստանավով տեղափոխման ծախսերն ամբողջությամբ՝ իրականացնելով լաստանավի վարձակալում։ Հիմնավորման համաձայն,  լաստանավը կարող է Փոթի-Կովկաս նավահանգիստ  տեղափոխել յուրաքանչյուր ուղղությամբ 50 մեքենա, և երկու ուղղությամբ տեղափոխման արժեքը կազմում է 100-120 հազ. ԱՄՆ դոլար, հետևաբար մեկ բեռնատար (20 տոննա տարողությամբ) մեքենայի մեկ ուղղությամբ ծախսը կազմում է 1000-1200 ԱՄՆ դոլար, իսկ երկաթգծային վագոնով տեղափոխման դեպքում, քանի որ լաստանավը կարող է տեղափոխել 40 վագոն, ծախսը կկազմի 1200-1500 ԱՄՆ դոլար։  Հարկ է նշել, որ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 20-50 տոկոս զեղչերի կիրառման հնարավորության վերաբերյալ, ինչը կարող է խթան հանդիսանալ նաև բեռների երկաթուղային ճանապարհով փոխադրման համար։ Որոշման ընդունումը հնարավորություն կտա ՀՀ բեռնափոխադրող ընկերությունների համար սեզոնային բարձր գների ժամանակահատվածում բեռների տեղափոխմանն առնչվող լոգիստիկ ենթակառուցվածքներն առավել հասանելի դարձնել և նվազեցնել խոչընդոտները, խթանել միջազգային շուկա հայկական արտադրության ապրանքների արտահանումը, էականորեն մեծացնել բեռնափոխադրումների ծավալները։

 

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը,  նշել է, որ սա լաստանավային կապ հաստատելու Հայաստանի առաջին փորձը չէ «Նախորդները միշտ չէ, որ հաջող են տեղի ունեցել։ Հույս ունեմ, որ ի վերջո կստացվի։ Առանձնահատկությունն այն է, որ այս պարագայում, իհարկե, լաստանավով ավտոմեքենայով փոխադրման հնարավորություն կա, բայց տվյալ դեպքում մենք շեշտը դնում ենք երկաթուղային փոխադրումների վրա: Կառավարությունը 6 ամիս ժամկետով սուբսիդավորում կիրականացնի՝ հույս ունենալով, որ այդ համակարգը կսկսի աշխատել և ինքն իր ծախսերը փակել»: