Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

ՀՀ-ն Թուրքիայի հետ բանակցությունների է գնում՝ բավարարած լինելով նրա 2 նախապայմանները․ Սուրեն Սարգսյան (տեսանյութ)

«Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես կարելի էր բանակցություններից առաջ հանել Թուրքիայի դեմ կիրառվող փոքր պատժամիջոցները։ Եթե կա երկրորդային հարթակի՝ second hand դիվանագիտություն, որտեղ ներգրավված չեն պաշտոնյաները, ներգրավված են հանրային գործիչները, այդ հարցը կարող էր այդ շրջանակներում դրվել, և բանակցություններից առաջ դա կարող էր դրվել որպես բարի կամքի դրսևորում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով Թուրքիայից ներկրման արգելքը հանելու վերաբերյալ կառավարության որոշմանը։

Հիշեցնենք, որ Թուրքիայից ապրանքների ներկրումը արգելվեց 2020թ․հենց պատերազմի օրերին, և այս տարվա հունվարի 1-ից այն արդեն չի գործում։

Իսկ Սուրեն Սարգսյանը գտնում է, որ հայ-թուրքական բանակցությունների երկրորդ առանձնահատկությունն այնն է, որ Հայաստանն իր պատմության մեջ առաջին անգամ բանակցությունների է գնում՝ բավարարած լինելով Թուրքիայի երկու հիմնական նախապայմանները՝ Արցախը հանձնված է Ադրբեջանին, և Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ որևէ բան չի արվում։

«Ըստ էության, ՀՀ օրակարգից այն հանված է»,- ասում է միջազգայնագետը։ Վերջինս նաև հավելում է, թե 90-ականներին Թուրքիան Հայաստանի առաջ այլ նախապայմաններ էր դնում և դա փոխանցում էր Վաշինգտոնի միջոցով։

«Կան գաղտնազերծված փաստաթղթերը, որտեղ թուրքերը որպես նախապայման դնում էին մեր տարածքային ամբողջականության ճանաչումը, որևէ տարածքի նկատմամբ պահանջ չներկայացնելը, Անկախության հռչակագրի խմբագրումը, որովհետև այնտեղ Արևմտյան Հայաստան և Արևելյան Հայաստան եզրույթները կան, ինչպես նաև զինանշանից Արարատ լեռան հեռացումը։ Եթե գնանք սահմանադրական փոփոխությունների, ըստ էության, դրանք բավարարվելու են։ Վստահ եմ, որ Թուրքիան իր այդ նախապայմաններից չի հրաժարվելու»,- հավելեց Սուրեն Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։