Երևանն ու Սոֆիան կընդլայնեն համագործակցությունը մի շարք ոլորտներում
Աջակցիր «Ա1+»-ինՆոյեմբերի 7-ին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Երևանի և Սոֆիայի միջև ուղիղ չվերթների վերագործարկմանը նվիրված պաշտոնական արարողություն՝ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Իվանկա Տաշևայի մասնակցությամբ։
Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նախարարների տեղակալների կողմից ուղիղ չվերթների վերագործարկումը խորհրդանշող ժապավենի կտրման արարողություն։
Հաջորդիվ կայացել է Վահան Կոստանյանի և Իվանկա Տաշևայի կարճատև հանդիպումը։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերին՝ կարևորելով ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրով ամրագրված ուղղություններով համագործակցության հետևողական խորացումը։ Այս համատեքստում ընդգծվել է առևտրի, տնտեսության, հաղորդակցության, նորարարական տեխնոլոգիաների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման կարևորությունը։
Մտքեր են փոխանակվել Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի արդյունավետ առաջմղմանն ուղղված համագործակցության հնարավորությունների շուրջ: