Առաջարկում է բոյկոտել բյուջեն
2011թ. Պետական բյուջեն, որի նախագիծը ԱԺ-ն կսկսի քննարկել հաջորդ շաբաթ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը գնահատում է խղճուկ:
«Իշխանությունները կարող են ասել կայուն զարգացման բյուջե է, սակայն այն զարգացման որեւէ տարր չի պարունակում»,- այսօր «Ա1+»-ի հետ զրույցում ասաց պարոն Խաչատրյանը:
Նրա կարծիքով` իշխանությունների կողմից բյուջեի նախագծին տրվող «կայուն տնտեսական զարգացման բյուջե» գնահատականի նպատակը մեկն է` ժողովրդին ցույց տալ, թե աշխատում են:
«Ես պատգամավորներին խորհուրդ կտամ ընդհանրապես այդ քննարկումներին չմասնակցել: Բյուջեն կարող է պակասել, սակայն չի ավելանա եւ այն ծախսերը, եկամուտները, մուտքերը, որոնք նախատեսված են, չեն ավելանալու»,-ասաց նա:
Տնտեսագետի կարծիքով` 2011թ. բյուջեի հիմքը չի փոխվելու` կրկին տեռորի միջոցով փորձելու են այն լցնել. «Դրան կարող են ավելանալ առանձին էլեմենտներ` հարկային դաշտի փոփոխություններ, սակայն տեղի չի ունենալու ամենակարեւորը. չի ավելանալու հարկվողների թիվը: Իշխանություններն իրենց առաջ նման խնդիր չեն դրել: Իրականում հենց այդ հարցը պետք է լուծվի` պետք է ավելանան հարկվողների թիվը եւ դրանք պետք է լինեն խոշոր բիզնեսի ներկայացուցիչները»:
Անդրադառնալով ԱԺ վերջին քառօրյայի ընթացքում տեղի ունեցած «Ակցիզային հարկի մասին օրենքի» փոփոխություններին` պարոն Խաչատրյանը վստահեցրեց. «Իշխանություններն այդ փոփոխություններն իրենք կամքով չեն արել: Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելուց հետո` նրանք ստիպված էին կատարել այդ փոփոխությունը` ներմուծող եւ տեղական արտադրվող ապրանքների հարկային դաշտում տարբերություններ չլինելու համար: Դաշտը պետք է հավասար լինի ներմուծողի եւ տեղական արտադրողի համար: Այստեղ միայն մի «բայց» կա. իշխանություններն աջակցում են ներմուծողներին եւ ոչ թե տեղական արտադրողին, քանի որ մեր երկրում օլիգարխները հիմնականում ներմուծողներ են, որոնց հաշվին գոյատեւում են իշխանությունները»:
Նրանք ովքեր, այս փոփոխության ընթացքում ԱԺ-ում հայտարարում էին. «Ինչպե՞ս կարող է այդքան չսիրել տեղական արտադրողին»` տնտեսագետը խորհուրդ է տալիս գնալ եւ նստել կառավարությունում այնքան ժամանակ, քանի դեռ իշխանափոխություն տեղի չի ունեցել. «Ես ուրախ եմ, որ նրանք վերջապես հասկացել են, որ կառավարությունը տեղական արտադրողին չի սիրում: Այսօրվա իշխանությունը ընդհանրապես ՀՀ քաղաքացուն չի սիրում»:
Ինչ վերաբերում է կառավարության կողմից 2500 դրամով նվազագույն աշխատավարձի բարձրացմանը, ապա Վահագն Խաչատրյանը դա համարում է իմիտացիա. «Ապրիլի 1-ից,երբ գազի գները բարձրացան, աննախադեպ գնաճ տեղի ունեցավ: Նրանց կարծիքով` դա փոխհատուցում է: Այսօր որոշ ապրանքատեսակները Հայաստանում ավելի թանկ են, քան Եվրոպայում: Պատճառն այն է, որ չկա մրցակցություն: Այսօր գները սահմանում է ոչ թե շուկան, այլ Սերժ Սարգսյանն է որոշում, թե բանանը, շաքարավազն ինչքանով պետք է վաճառվի: Նույնը եղել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի օրոք»:
Իսկ ինչ երաշխիք, որ իշխանափոխությունից հետո այդպես չի լինի՞` «Ա1+»-ի հարցին` տնտեսագետը պատասխանեց. «Այդպես չի լինի այն ժամանակ, եթե իշխանության գան ծրագրով եւ ժողովրդի ընտրությամբ»: