Կառավարությանը չի վստահում (տեսանյութ)
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թեւանյանը լուրջ չի վերաբերվում կառավարության 2011-2013թթ. գործողությունների միջնաժամկետ ծրագրին:
«Այս կառավարությունը ցույց է տվել, որ իր բոլոր ծրագրերը, կանխատեսումները չեն իրականանում: Միակ բանը, որ պետք է լուրջ վերաբերվել, նրանց ցանկությունն է` որքան հնարավոր է տեռորի միջոցով բյուջե շատ փող հավաքել, ինչը արդեն այլ ծրագրի շրջանակներում են իրականացնում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետը` հավելելով, որ այստեղ լուրջ մտահոգության տեղիք կա, քանի որ փոքր ու միջին բիզնեսը քանդվում է եւ հիմա փաստորեն անցնում են խոշոր բիզնեսին:
Այդ գործողություններին նպաստող հանգամանք նա համարում է նաեւ վերջերս ԱԺ-ի կողմից ընդունված «Ակցիզային հարկի մասին» օրենքի փոփոխությունները, ինչը, ըստ Թեւանյանի, հարվածում է տեղական արտադրողին եւ ի վերջո սպառողներին, որովհետեւ գնաճը ակնհայտ է լինելու: Նա ժպիտով է հիշում վարչապետի այն հայտարարությունը, թե ծխախոտի գնի թանկացմամբ կարող են պայքարել ծխելու դեմ. «Ակնհայտ է, որ սպառողները միեւնույնն է սպառելու են, գներն են թանկանալու եւ մարդկանց ծախսային զամբյուղում այս հատվածը ավելի է աճելու»:
Իսկ այն հանգամանքը, թե Արժույթի միջազգային հիմնադրամի ճնշումների հետեւանքով է ընդունվել «Ակցիզային հարկի մասին» օրինագիծը, Անդրանիկ Թեւանյանի կարծիքով այնքան էլ չի համապատասխանում իրականությանը. «Իշխանությունը ներկայացնող թիմը կոնկրետ հետաքրքրություններ ունի եւ ծխախոտի, եւ ալկոհոլային խմիչքների ոլորտում, նրանք այս քաղաքականությամբ փորձում են ավելի գերկենտրոնացված շուկաներ ձեւավորել, իրենց կողմից ոչ այնքան ընդունելի տնտեսվարողներին դուրս մղել շուկայից», ասում է տնտեսագետը:
Ըստ Թեւանյանի` այս կառավարությունը, որը ձեւավորվել է 2008թ.-ից հետո, ունի մեկ գործելաոճ։ «Տնտեսական քաղաքականության հիմնական նպատակը բյուջե որքան հնարավոր է շատ գումար հավաքելն է, եւ քանի որ ծախսային մասը մեծ հաշվով չի վերահսկվում հասարակության կողմից, ուստի անհասկանալի է դառնում, թե իրենք ինչ խնդիր են ուզում լուծել»,-նշեց տնտեսագետը եւ հավելեց, որ 2500 դրամով նվազագույն աշխատավարձ բարձրացնելով որեւէ սոցիալական խնդիր չի լուծվի, որովհետեւ, ըստ նրա` գները թանկանում են ավելի արագ եւ ավելի մեծ տեմպերով, քան ինչ-որ փոխհատուցում կարողանում է տալ պետությունը.
«Սրա պատճառը պետք է ման գալ տնտեսական համակարգի մեջ, որը համառորեն չի ուզում փոխել կառավարությունը: Ավելին, այս կառավարությունը՝ երկրի նախագահի գլխավորությամբ, ձգտում է Հայաստանում կառուցել մեկ օլիգարխիկ տնտեսություն, եւ դրա տակ քողարկված որոշակի կարծիքներ են հայտնում, թե իբր սոցիալական խնդիրներ են լուծում, բայց դա բացարձակապես կապ չունի իրականության հետ: Կարող եմ փաստել, որ բիզնես դաշտը վտանգված է», նշեց տնտեսագետը:
Անդրանիկ Թեւանյանին դեռեւս հույս ունի, որ կառավարությունը հնարավորինս քիչ կմիջամտի տնտեսությանը եւ ինչքան քիչ միջամտի, այնքան բիզնեսը որոշակի հնարավորություններից կկարողանա օգտվել:
«Ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ հայտարարվում էին նպատակներ, որոնք չիրականացան եւ հետո Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում: Ես այդ դեպքում այս իշխանություններին խորհուրդ կտամ ոչինչ չանել, որպեսզի հանկարծ չսխալվեն»,-եզրափակեց Թեւանյանը։