ՀԷՑ-ի բաժնետոմսերի 100 տոկոսը գրավադրվել է․ 1lurer.am
Աջակցիր «Ա1+»-ինԸստ որոշման նախագծի՝ ՀԷՑ-ը նախատեսում է վարկային միջոցներ ստանալու գործարքներ կնքել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Ասիական զարգացման բանկի, ինչպես նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ, ուստի վարկային պարտավորությունների կատարման ապահովման նպատակով ընկերության բաժնետոմսերը գրավադրվել են որպես հաջորդող գրավ։ ՀԾԿՀ-ն մինչ որոշման կայացումը կառավարությունից հայցել է դիրքորոշում նշված հարցի վերաբերյալ։ Կառավարությունը ևս դեմ չի եղել Հայաստանի էներգետիկ մատակարար ընկերության բաժնետոմսերի գրավադրմանը ու օգոստոսի 27-ին համապատասխան որոշմամբ թույլատրել է գործարքը։
2015-ին Հայաստանի էլեկտրական ցանցերի սեփականատեր դարձավ ռուսաստանաբնակ հայ միլիարդատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը։ ՀԷՑ-ի բաժնետոմսերը նա գնեց ռուսական «Ինտեր ՌԱՕ հոլդինգ» ընկերությունից՝ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը հետևած զանգվածային ակցիաներից ու դժգոհություններից հետո։ Ներկայում ընկերության բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդ» ընկերությանը։ Այն հիմնվել է 2010-ին Կիպրոսում։ «Հետք» էլեկտրոնային պարբերականը ժամանակին ուսումնասիրել էր այս ընկերության բաժնետիրական շղթան ու պարզել, որ «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդ»-ում, ինչպես նաև նրա բաժնետեր հանդիսացող այլ ընկերություններում բաժնետեր ու տնօրեն է հանդիսացել Սինան Ռոբերտ Բոդմերը, որը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է ու Սամվել Կարապետյանին պատկանող «Ֆորա բանկի» տնօրենների խորհրդի անդամ։ «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդ»-ը նույն տարում ձեռք բերեց նաև Հրազդանի ջերմաէլեկտրակայանը։ ՀԷՑ-ի մյուս բաժնետերը Կարապետյանին պատկանող «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ն է։
ՀԷՑ-ի բաժնետոմսերի ձեռքբերումից հետո ընկերության նոր ղեկավարությունը սկսեց միջազգային ֆինանսական կառույցներից վարկեր ներգրավել։ Օրինակ՝ 2020-ին Ասիական զարգացման բանկը 20 միլիոն դոլար տրամադրեց ՀԷՑ-ին՝ շրջանառու կապիտալի համալրման նպատակով, իսկ մինչ այդ էլ 80 միլիոն դոլար էր տրամադրել ընկերությանը։ 2017-ից ՀԷՑ-ի հետ կնքված պայմանագրով 160 միլիոն դոլարի վարկային միջոցներ է տրամադրել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը։ Այս միջոցների ներգրավումը ՀԷՑ-ի 2016-2027 թթ. ներդրումային ծրագրի մասն է, որով նախատեսվում է ցանցի արդիականացում, ավտոմատացված հաշվիչ համակարգերի ընդլայնում, ենթակայանների վերակառուցում, նոր սարքավորումների ձեռքբերում, սմարթ հաշվիչների տեղադրում և այլն։
Ավելին՝ այստեղ