Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2011թ-ին` կայուն տնտեսական զարգացմա՞ն բյուջե (տեսանյութ)

Տնտեսություն
9a5a21745620b27234ea5ccd17c3aa49

ՀՀ կառավարության կողմից նախորդ շաբաթ հավանության արժանացած 2011 թ. պետական բյուջեի նախագիծն արդեն Ազգային ժողովում է: Այդ մասին այսօր ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:

Խոսելով այս տարվա ավարտի սպասումներից` նա նշեց, որ Հայաստանի համախառն ներքին արդյունքը կաճի 3-4 տոկոսով, էականորեն ավելի շատ, քան նախատեսել էին 2010թ.-ի բյուջեով: Այս ամենի հիմքի վրա էլ 2011թ.-ին, նրանց կանխատեսմամբ` տնտեսությունը կաճի 4-6 տոկոսով: Խոսքը իրական համախառն արդյունքի աճի մասին է, ըստ նրա` անվանական ՀՆԱ-ն 8 տոկոս աճ կարձանագրի:

«2011թ.-ին մենք ոչ միայն կհատենք 2008թ.-ի մակարդակը, այլ նաեւ կանցնենք առաջ: Նշանակում է 2011թ.-ին մենք կանցնենք նախաճգնաժամային ամենաբարձր տնտեսական ցուցանիշի մակարդակը եւ, ըստ էության, նոմինալ ծավալով կվերականգնենք տնտեսության վիճակը»,- ասաց նա:

Բյուջեի նախագծով հաջորդ տարվա համար նախատեսվել է 3,7 տրիլիոն դրամի ծավալով Համախառն ներքին արդյունք:

Տիգրան Դավթյանը նկատեց, որ ճգնաժամի արդյունքում տնտեսության կառուցվածքի էական փոփոխություններ են տեղի ունեցել. կառուցվածքում ոլորտային համամասնությունները փոփոխվել են, ասենք` ծառայությունների, էներգետիկայի, արդյունաբերության ծավալներն աճել են, իսկ գյուղատնտեսության եւ շինարարության ծավալները` նվազել:

Նա հաջորդ տարվա բյուջեն բնորոշեց որպես կայուն տնտեսական զարգացման բյուջե: Մասնավորապես՝ նախատեսվում է 850 միլիարդի հասնող եկամուտների ծավալի աճ, ավելի շատ, քան այս տարի: Որից հարկային եկամուտները կկազմեն 650 միլիարդ դրամ` այս տարվա 570 միլիարդ դրամի փոխարեն: Ծախսերը կլինեն մոտ 1 տրիլիոն դրամ, իսկ պակասուրդը` 148,6 միլիարդ դրամ, ավելի քիչ, քան այս տարի:

Պետական պարտքի ընդհանուր մակարդակը կկազմի 42-44 տոկոս, ինչից նախարարը այնքան էլ մտահոգված չէ, քանի որ մտահոգության հիմք համարվող 60 տոկոսի շեմին դեռ չենք հասել: Նա հույս հայտնեց, որ ավելի զգույշ կլինեն նոր պարտքեր չունենալու համար, քանի որ 2011,2012,2013թթ.-ը արդեն տեղավորված են իրենց ծախսերի սցենարում: Իսկ կոնկրետ թիվ եկող տարվա պարտքերի վերաբերյալ դժվարացավ ասել:

Ի դեպ, Տիգրան Դավթյանը ասաց, որ գազի սակագնի բարձրացման վերաբերյալ դեռ նորություններ չկան: