Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կյանքն էժանացե՞լ է (տեսանյութ)

Տնտեսություն
d8e5dd1e84de9b6427611f5887990715

Պարզվում է, որ սեպտեմբերին` օգոստոսի համեմատ սպառողական ապրանքների գները ոչ թե աճել են, այլ նվազել 0.2 տոկոսով: Այդ են վկայում ՀՀ վիճակագրական ծառայության տվյալները: Ըստ նրանց` դա արդյունք է հիմնականում պարենային ապրանքների էժանացման: Հակառակ դրա` ոչ պարենային ապրանքների գները նշված ժամանակահատվածում աճել են 0.3%-ով, իսկ ծառայությունների սակագները` 0.7%-ով:

Սակայն 9 ամիսների կտրվածքով գները աճել են 4.7 տոկոսով, իսկ մեկ տարվա կտրվածքով կյանքը թանկացել է 8.6 տոկոսով:
Ըստ ԱՎԾ տվյալների` սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, հանրապետությունում գրանցվել է պարենային ապրանքների 1% գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել մրգերի եւ բանջարեղենի գնանկումը:

Կարտոֆիլի, կանաչ պղպեղի, գլուխ սոխի գները այս տարվա սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, նվազել են 11.8-3.9%-ով: Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է սխտորի 8.9%, վարունգի 14.6%, կանաչ սոխի 5.2%, կանաչեղենի 1.7% գնաճ: Համաձայն տվյալների` մեկ ամսվա ընթացքում 10.9%-ով էժանացել են մրգերը, ինչում իր հիմնական դերն է ունեցել խաղողի 39%, սեխի 31%, տանձի 24.6%, ձմերուկի 17.8%, սալորի 17.7%, խնձորի 15.7% գնանկումը: Դրան զուգընթաց գրանցվել է ադամաթուզի, նարնջի, ելակի, կիտրոնի, դեղձի 0.2-7.5% գնաճ:

Չնայած սեպտեմբերի առաջին տասնօրյակում նկատվել է հացի եւ ալյուրի գների որոշակի նվազման միտում, այնուամենայնիվ, միջին ամսական ցուցանիշներով սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, հացի գներն աճել են 1.8%-ով, ալյուրինը` 3%-ով:

Այս ամիս 7.9 տոկոսով աճել է նաեւ ձվի գինը:

Սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 0.3% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է գրենական պիտույքների 1.2%, կոշկեղենի 1.3%, գեղարվեստական իրերի 1.7%, հագուստի եւ գործվածքի 1.9%, ոսկերչական ապրանքների 0.5%, կենցաղային էլեկտրաապրանքների 0.4% գնաճով:

Մեկ ամսվա ընթացքում արձանագրվել է բենզինի եւ դիզելային վառելիքի` համապատասխանաբար 1.9% եւ 1.8% գնանկում:
Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2010թ. սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, գրանցվել է սակագների 0.7% հավելաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է կրթության համակարգի ծառայությունների սակագների 4.9% հավելաճով: Հանրային սննդի ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում աճել են 0.1%-ով: