Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՀ-ն Հայաստանում չօգտագործված ներուժ է տեսնում

Տնտեսություն
5f9b91fb3d946a42c0941ebc3136d3ed

Հայաստանի տնտեսությունը նախորդ տարվա 14 տոկոսանոց կտրուկ անկումից հետո այժմ դանդաղ տեմպերով վերականգնվում է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսանը:

Այսօր նա ամփոփեց նաեւ ԱՄՀ հայաստանյան առաքելության երկշաբաթյա այցի արդյունքները: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-24-ը Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելությունը՝ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչության փոխտնօրեն` Ռատնա Սահայի գլխավորությամբ, Երևանում հանդիպել է իշխանությունների հետ եւ համաձայնեցրել տնտեսական բարեփոխումների ծրագիրը:

Այդ ծրագրի ֆինանսական արժեքը մոտ 410 մլն ԱՄՆ դոլար է, իսկ երբ Հայաստանի դիմումը կանցնի առաջին ամփոփիչ ստուգումը եւ կհաստատվի, ապա Հայաստանին կտրամադրվի մոտ 56 միլիոն ԱՄՆ դոլար կազմող ֆինանսավորում:

Ինչ վերաբերում է գյուղատնտեսության ոլորտում այս տարի արձանագրված ցուցանիշներին, ապա Գիերմո Տոլոսան նշեց, որ ոլորտի վրա ծանր ազդեցություն են թողել անբարենպաստ բնակլիմայական պայմանները: Հետևաբար, ԱՄՀ-ն ակնկալում է, որ տնտեսական ակտիվության ընդհանուր մակարդակը 2010թ. կաճի մոտ 4%-ով, իսկ 2011-ին՝ 4.5 %-ով: Ըստ նրա` ակտիվության վերականգնման մասին է վկայում վարկային միջոցների հոսքը դեպի մասնավոր հատված:

Անդրադառնալով գնաճի ցուցանիշին` նա նշեց, որ եթե օգոստոսին այն կազմել է 9.6%, ապա իրենց կանխատեսումներով տարեվերջին այս ցուցանիշը կնվազի մինչև 7%: ԱՄՀ-ն նաեւ կանխատեսում է, որ այս տարի բյուջեի պակասուրդը կկազմի 4,75 տոկոս, ինչը 3 տոկոսով պակաս կլինի 2009թ. ցուցանիշից։ Ակնկալվում է, որ 2012թ. բյուջեի պակասուրդը կկազմի ՀՆԱ-ի միայն 3 տոկոսը։

Ըստ ԱՄՀ-ի` Հայաստանը գործարար միջավայրի ցուցանիշների առումով զիջում է իրեն համեմատելի բազմաթիվ պետությունների: Այդ պատճառով ՀՀ իշխանություններին առաջարկել են մրցակցությունը խթանելու ավելի համարձակ եւ խորը բարեփոխումներ կատարել, նվազեցնել մենաշնորհային վարքը, բազմազանեցնել արտահանումը եւ ընդհանուր առմամբ արդիականացնել տնտեսությունը:Նա նկատել է, որ Հայաստանում «զավեշտալի բարձր» է ձեռնարկությունների հարկային գերավճարների գծով կառավարության պարտքը: Այդ խնդրով ԱՄՀ-ն աշխատում է կառավարության հետ: Ստեղծվել է վերլուծական խումբ, որը կուսումնասիրի խնդիրը եւ առաջիկա ժամանակահատվածում կձեռնարկվեն իրավիճակը փոխելու քայլեր:

 Բացի այդ, ԱՄՀ-ն ՀՀ զբոսաշրջության ոլորտում արձանագրել է չօգտագործված մեծ ներուժ, որը կարող էր տնտեսական աճի եւ զբաղվածության կարեւոր շարժիչ ուժ դառնալ` նպաստելով պետական եկամուտների և արտարժույթով հասույթի ավելացմանը: ԱՄՀ առաքելության ղեկավարը վերջում ընդգծեց, թե անհամբերությամբ սպասում է, որ իշխանություններն այս ոլորտներում լրացուցիչ քայլեր կկատարեն` բազմակողմ ձեւաչափով խորհրդակցելով գործընկերների, այդ թվում` Համաշխարհային բանկի հետ: