Հանուն Ռումինիայի քաղաքացիության
Հայ ֆուտբոլիստներ Արտավազդ եւ Արման Քարամյան եղբայրները, որոնք այս տարվա մայիսից մնացել են առանց ակումբի, քանի որ Բուխարեստի «Ստյաուան» չերկարաձգեց նրանց հետ կնքած պայմանագիրը, այժմ պատրաստ են ավելի ցածր աշխատավարձով հանդես գալ Ռումինիայի բարձրագույն խմբի ցանկացած թիմում:
Քարամյան եղբայրները ցանկանում ելույթները շարունակել միմիայն Ռումինիայում, որպեսզի իրավունք ստանան փաստաթղթեր ներկայացնելու կառավարությանը` այդ երկրի քաղաքացիություն ստանալու համար: Նրանք չնայած արդեն 6 տարի է հանդես են գալիս Ռումինիայում, սակայն առաջին երկու տարիներին ձեւակերպված են եղել որպես զբոսաշրջիկներ, իսկ քաղաքացիություն ստանալու համար պահանջվում է աշխատանքային 5 տարվա ստաժ:
Ինչպես նշում են ռումինական լրատվամիջոցները, Քարամյան եղբայրները, այդ թվում նաեւ նրանց մայրը եւ ավագ եղբայրը, այժմ բնակվում են Բուխարեստում: Արտավազդ Քարամյանն արդեն ընդունվել է Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մարզչական դպրոց: «Ելույթներս ավարտելուց հետո ցանկանում եմ դառնալ ֆուտբոլի պրոֆեսիոնալ մարզիչ եւ աշխատել ռումինական թիմերից մեկում, - ասել է Արտավազդը, - Քննություններին լուրջ խնդիրներ չունեցա, քանի որ արդեն լավ եմ տիրապետում ռումիներեն լեզվին, այդ թվում գրավոր խոսքին»:
Նշենք, որ Քարամյան եղբայրները Ռումինիայի առաջնություններում երկուսով անցկացրել են 253 խաղ, խփել 34 գոլ: