Եթե ադրբեջանցի զինվորները բռնություն են գործադրել մեր հովվի նկատմամբ,պիտի այն ներկայացվի ռուս խաղաղապահներին․ Ա․ Խաչատրյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱդբեջանցի զինվորականների կողմից Արավուս գյուղի հովվին քաշքշելու դեպքը ուսումնասիրվում է, դեռևս օբյեկտիվ տեղեկատվություն չունեմ, սակայն պատկան մարմինները պետք է ձեռնարկեն բոլոր միջոցառումները նմանօրինակ դեպքերը բացառելու համար։ Այս մասին ԱԺ-ում «Ա1⁺»-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության Սյունիքից ընտրված պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Մեր դիտարկմանը, թե այս և նմանատիպ դեպքերը արդյո՞ք չեն խոսում այն մասին, որ Սյունիքում անվտանգային լրջագույն խնդիրներ կան, Խաչատրյանն արձագանքեց․
«Պատերազմից հետո և՛ սահմանները, և սահմանամերձ գոտիները, և՛ սահմանների վերահսկողությունը էական փոփոխություններ են կրել, դրա արդյունավետության բարձրացման ուղղությամբ մեծ աշխատանքներ են տարվում, բայց որ ասենք՝ այս պահին Սյունիքում լուրջ անվտանգային խնդիրներ կան և այս պահի դրությամբ Սյունիքում բնակվելը վտանգավոր է, այդպես չէ, կարող են միջադեպեր լինել, այնպես չէ, որ մեր հարևանը Շվեցարիան կամ Ֆրանսիան է և թղթի վրա գրվածը լիակատար իրականացվելու է, բայց ցանկացած միջադեպ դրդում է նրան, որ այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկվեն։ Եթե ադրբեջանցի զինվորականները բռնություն են գործադրել մեր հովվի նկատմամբ, կապ չունի՝ ինչ պատճառով, այս հարցը պետք է մանրամասն քննվի և ներկայացվի ռուսական խաղաղապահ ուժերին և այս պատասխանատու խաղաղապահ ուժերը նույնպես պետք է միջոցներ ձեռնարկեն, որ նմանատիպ դեպքերը բացառվեն»։
Խաչատրյանը հայտնեց, որ այս պահին սահմանային դիրքերը ամրապնդվում են, տեղադրվում են տեխնիկան միջոցներ, պետք է լինեն նաև փշալարեր․
«Պետք է անցուդարձի հնարավորություն չլինի նմանատիպ միջադեպերը բացառելու համար»։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք վերջին այցից հետո տեղի ունեցած միջադեպերին, Խաչատրյանն ասում է․ կան սյունեցիներ, ինչպես նաև այլ քաղաքացիներ, ովքեր օբյեկտիվ դժգոհություն ունեն ՀՀ իշխանությունից, հենց այդ պատճառով էլ հայտարարել են արտահերթ ընտրությունների մասին․
«Բայց, որևէ մեկը այս երկրում իրավունք չունի իր քաղաքական դժգոհությունները արտահայտել հանցագործության կատարմամբ, որևէ մեկը այդ իրավունքը չունի անկախ իր դժգոհության չափից»։
Ըստ Խաչատրյանի՝ Սյունիքում տեղի ունեցածը ժողովրդի ձայնը չէր և ժողովրդի կազմակերպածը չէր, հարուցված քրեական գործը, ըստ նրա, կապացուցի դա։