Պայքար միլիոնների համար
Այսօր տեղի կունենան չեմպիոնների լիգայի որակավորման 4-րդ փուլի պատասխան առաջին 5 հանդիպումները, որի ընթացքում թիմերը կպայքարեն խմբային փուլի ուղեգրերի համար: Իսկ դա արդեն բավական մեծ խթան է այս փուլի մասնակից ակումբների համար, քանի որ դրանք լրջորեն կհարստացնեն իրենց բյուջեները:
Մասնավորապես` միայն խմբային փուլ մտնելու համար ակումբները ՈՒԵՖԱ-ից ստանալու են 700 հազար եվրո փոխհատուցում: Այդ փուլում տարած յուրաքանչյուր հաղթանակի համար թիմերը պարգեւատրվելու են 800 հազար եվրոյով (անցած մրցաշրջանում այն կազմում էր 1 մլն եվրո), իսկ ոչ-ոքիի համար` 400 հազար:
Զարմանալի չէ, որ բոլոր խաղերն էլ մեծ հետաքրքրություն են առաջացրել երկրպագուների շրջանում: Դա առաջին հերթին վերաբերում է երկու առաջատար երկրները Իտալիա - Գերմանիա հերթական հակամարտությանը` հանձինս «Սամպդորիա» - «Վերդեր» մրցախաղի:
Հայ ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում հիմնականում գտնվում են «Հապոել» - «Ռեդ Բուլ» եւ «Անդերլեխթ» - «Պարտիզան» հանդիպումները: Առաջին խաղը հետաքրքրում է այն բանի համար, որ «Ռեդ Բուլում» այժմ ելույթ է ունենում ուրուգվահայ հարձակվող Խոակին Բոգոսյանը, իսկ երկրորդում հանդես է գալիս մեր ֆուտբոլասերներին արդեն ծանոթ Սերբիայի «Պարտիզանը», որ մեր չեմպիոն Երեւանի «Փյունիկին» դուրս բերեց հետագա պայքարից:
Ի դեպ, Խոակին Բոգոսյանը չի հավիրվել Հայաստանի հավաքական, որը շուտով նախապատրաստվելու է Եվրոպայի 2012 թվականի ընտրական փուլի առաջին հանդիպումներին: Ինչպես տեղեկացանք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի կենտրոնից, ֆեդերացիան շարունակում է բանակցություններ վարել ուրուգվահայ ֆուտբոլիստի հետ, սակայն նա դեռեւս վերջնականապես չի կողմնորոշվել այդ հարցում:
Չեմպիոնների լիգա
Որակավորման 4-րդ փուլ
Պատասխան հանդիպումներ
24 օգոստոսի
«Հապոել» (Իսրայել) - «Ռեդ Բուլ» (Ավստրիա)` առաջին հանդիպումը` 3:2
«Սեւիլիա» (Իսպանիա) - «Բրագա» (Պորտուգալիա)` 0:1
«Շերիֆ» (Մոլդովա) - «Բազել» (Շվեյցարիա)` 0:1
«Անդերլեխթ» (Բելգիա) - «Պարտիզան» (Սերբիա)` 2:2
«Սամպդորիա» (Իտալիա) - «Վերդեր» (Գերմանիա)` 1:3
25 օգոստոսի
«Տոտենհեմ» (Անգլիա) - «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա)` 2:3
«Այաքս» (Հոլանդիա) - «Դինամո» (Կիեւ, Ուկրաինա)` 1:1
«Օսեր» (Ֆրանսիա) - «Զենիթ» (Ռուսաստան)` 0:1
«Ժիլինա» (Սլովակիա) - «Սպարտա» (Չեխիա)` 2:0
«Կոպենհագեն» (Դանիա) - «Ռուսենբորգ» (Նորվեգիա)` 1:2
Բոլոր խաղերը կսկսեն Երեւանի ժամանակով 23:45-ին: