Մեկ արծաթ եւ մեկ բրոնզ
Աջակցիր «Ա1+»-ինԲուլղարիայի Սամոկով քաղաքում ավարտվեց նաեւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:
Հայաստանի 8 ներկայացուցիչներից առավել հաջող հանդես եկավ 84 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, որը հաղթահարելով նախնական փուլերը, մտավ եզրափակիչ, սակայն իր վերջին գոտեմարտում պարտվեց թուրք ըմբիշ Ասլան Աթեմին: Այդպիսով, մեր մարզիկը բավարարվեց արծաթե պարգեւով:
66 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճեց Գեւորգ Սահակյանը, որը չնայած պարտություն կրեց 1/4 եզրափակիչում, սակայն հաջող հանդես եկավ սփոփիչ մրցաշարում:
Իսկ ահա Նարեկ Խաչատրյանը (55 կգ), Ալեքսան Միքայելյանը (60 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (74 կգ) եւ Վաչիկ Եղիազարյանը (120 կգ) տանուլ տվեցին 3-րդ տեղի համար գոտեմարտերը եւ չկարողացան մեդալ նվաճել:
Վատ հանդես եկան 50 կգ քաշային Աշոտ Խաչատրյանն ու 96 կգ քաշային Անդրանիկ Խաչատրյանը, որոնք արդեն առաջին փուլում պարտություն կրեցին եւ դուրս մնացին պայքարից:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազատ ոճի ըմբիշները նույն առաջնությունում չէին կարողացել նվաճել 24 մեդալներից գոնե մեկը: