Բացել լրահոսը Փակել լրահոսը
շուշիի
A A
Մշակույթ

Գիշերով Շուշիի գորգերի թանգարանից փրկված նմուշները կցուցադրվեն Երեւանում

«Շուշիում անտանելի վիճակ էր, թանգարանի մոտ մեծ հրթիռ էր պայթել, պատուհանները կոտրված էին և ես ստիպված էի ամեն ինչ տարհանել։ Այդ ժամանակ հակառակորդի ուժերն էլ արդեն մոտեցել էին Շուշիին», - պատմում է Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը «Ա1+»-ի հետ զրույցում։

Նմուշները թանգարանից տարհանվել են նոյեմբերի 1-ին, փրկել էին՝ ինչ հասցրել էին․

«Գիշերը Արցախի մշակույթի նախարարությունից մեքենա խնդրեցի, տրամադրեցին և  ժամը  23-ի մոտերքում, որ մութ լինի և հակառակորդը մեզ չնկատի, հանեցինք բոլոր նմուշները։ Կարելի է ասել, որ բուն թանգարանը փրկվել է։ Քանակական առումով 70%-ը տարհանել ենք, որակական առումով՝ 85-90%-ը», - ասում է նա։

Վարորդն այդ ամբողջը միայնակ էր հասցրել Երևան։ Բերել էր միանգամից Հայաստանի պատմության թանգարան։

«Լավ էր, որ ճանապարհին ոչինչ չէր կորել ու չէր վնասվել։ Իսկ թանգարանում էլ արդեն շատ լավ աշխատանք են կատարել, քանի որ մենք արագ լցրել էինք մեքենան, ուղարկել, բայց արդեն պատմության թանգարանում անգամ համարակալված էին դասավորել նմուշները», - ասում է Վարդան Ասծատրյանը։

Նույն մեքենայով թանգարանից տեղափոխվել էին նաև գեղանկարներ, որոնք այժմ Ազգային պատկերասրահում են պահվում, սակայն ցուցադրության դրված չեն։ Նա ասում է՝ եթե լինի թանգարան, որ կցանկանա ցուցադրել, սիրով կհամաձայնեն։

Շուշիի գորգերի թանգարանից բերված բոլոր նմուշները մի քանի օրից՝ փետրվարի 20-ին, կցուցադրվեն  Ալ․ Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում և այնտեղ կմնան մի քանի ամիս։  Ցուցադրված նմուշներից ամենահինը 350 տարեկան է։

Վարդան Ասծատրյանի խոսքով, Ճարտարապետության թանգարանի տնօրեն Մարկ Գրիգորյանը միանգամից պատրաստակամություն է հայտնել ցուցադրությունը կազմակերպելու․

«Ցուցադրությունից հետո դեռ չգիտեմ, թե ինչ ենք անելու մեր նմուշները։ Ես առաջարկների եմ սպասում կա՛մ Արցախի Հանրապետությունից, կա՛մ Հայաստանի, որ հասկանամ՝ որտեղ կարող ենք տեղափոխել մեր թանգարանը։ Իսկ դա կարևոր է, քանի որ մեզ մոտ իրոք թանգարանային նմուշներ են, այսինքն յուրաքանչյուր գորգ իր պատմությունն ու ծագումնաբանությունն ունի, հավաքված է Արցախի տարբեր տարածքներից կամ Հայաստանի արցախցի ընտանիքներից», - ասաց նա։

Շուշիի այլ թանգարաններից  գրեթե ոչինչ փրկել չի հաջողվել։ Վարդան Ասծատրյանն ասում է՝ ոչ ոք չի պատկերացրել, որ Շուշին կընկնի և դուրս չեն բերել նմուշները։ Ընդհանուր թանգարանները Շուշիում հինգն էին։