ԱՎԾ. «Գները նվազել են»
Աջակցիր «Ա1+»-ինԳները նախորդ ամսվա համեմատ էժանացել են 0.8 տոկոսով` այդ թվում պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) գները նվազել են 1.2%-ով, ոչ պարենային ապրանքներինը`0.9 %-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.1% հավելաճ: Այդ են վկայում Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակված տվյալները:
Պարենային ապրանքների շուկայում գների նվազումը հիմնականում պայմանավորված է սեզոնային բանջարեղենների գների նվազմամբ: Օրինակ, բանջարեղենի ապրանքախմբում այս ամիս նախորդ ամսվա համեմատ 7.4 տոկոս գնանկում կա, մինչդեռ նախորդ տարվա համեմատ այն աճել է 14.9 տոկոսով: Էժանացել են կանաչ լոբին, լոլիկը, վարունգը եւ այլն: Մրգերն էլ էժանացել են 6.8 տոկոսով: Էժանացել են ելակը, ձմերուկը, ադամաթուզը, կիտրոնը, դրան զուգընթաց թանկացել է նարինջը, տանձը, խնձորը, բալը:
Ըստ ԱՎԾ-ի` հունիսին մայիսի համեմատ ձվի միջին գինը նվազել է 8.5 տոկոսով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 15.2 տոկոսով: Այսինքն` եթե նախորդ ամիս ձուն գնում էինք 50 դրամով, ապա հիմա հնարավոր է գնել 30 դրամով:
Համաձայն պաշտոնական թվերի` 2010թ. հունիսին 2009թ. հունիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է շաքարավազի 25.7% գնաճ, իսկ 2010թ. մայիսի համեմատ`4.8% գնանկում:
2.4 տոկոսով թանկացել են նաեւ մսամթերքները:
2010թ. հունիսին մայիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցված 0.9% գնանկման վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բենզինի եւ դիզելային վառելիքի` համապատասխանաբար 3.8% եւ 2.7% գնանկումը: Եթե մեկ ամիս առաջ բենզինի 1 լիտրը արժեր 400 դրամ, հիմա 390 է դարձել:
Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2010թ. հունիսին մայիսի համեմատ գրանցվել է սակագների 0.1% հավելաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է հանրային սննդի 0.1%, բուժսպասարկման 0.7%, հանգստի կազմակերպման 1.9%, իրավական ու բանկային 2.2% ծառայությունների սակագների հավելաճով: