Թվեր, թվեր
Աջակցիր «Ա1+»-ին2010 թվականի հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 299.1 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 309.9 մլրդ դրամ:
Դրանք ապահովել են կառավարության կողմից առաջին կիսամյակի համար հաստատված ծրագրի համապատասխանաբար 90.2 և 75.4 %-ը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 41.2%-ով, ծախսերի գծով` 36.3%-ով:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 22.2%-ով կամ 54.4 մլրդ դրամով:
2010 թվականի հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են 309.9 մլրդ դրամի ծախսեր` կազմելով կիսամյակային ծրագրի 75.4%-ը: Մասնավորապես` 284.7 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 25.2 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները:
Հաշվետու ժամանակահատվածում 4.6 մլրդ դրամի ծախսեր են կատարվել պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն ավելացել են 11%-ով կամ 30.7 մլրդ դրամով: Աճը հիմնականում պայմանավորված է ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի, դրամաշնորհների, պետական պարտքի սպասարկման և այլ ծախսերի ավելացմամբ, ինչպես նաև ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի նվազմամբ:
2010 թվականի հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 10.8 մլրդ դրամ պակասուրդով` առաջին կիսամյակում նախատեսված շուրջ 79.3 մլրդ դրամի և 2009 թվականի նույն ժամանակահատվածի 34.5 մլրդ դրամի դիմաց: Պակասուրդի ֆինանսավորման համար ներքին աղբյուրներից ներգրավվել է շուրջ 15.8 մլրդ դրամ կամ առաջին կիսամյակի ծրագրի 17.9%-ը, իսկ արտաքին աղբյուրները կազմել են -5.0 մլրդ դրամ կամ կիսամյակային ծրագրի 57%-ը:
Առաջին կիսամյակում նախատեսված 73.5 մլրդ դրամի փոխարեն պետական բյուջեի ազատ միջոցներից անցած հինգ ամիսների ընթացքում օգտագործվել է ընդամենը 8.1 մլրդ դրամ:
2010թ. հունվար-մայիս ամիսների պետական բյուջեի կատարման հաշվետվությունն ամբողջությամբ տեղադրված է ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում: