Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Այս պատերազմում միայն Աստված հաղթեց․ այսքան երեխաներին տարավ ու իրեն հարստացրեց․19-ամյա զոհված հերոսի քույր

Աշխարհում ոչ մեկ չուներ այն ժպիտը, որը Արսենին էր պատկանում։ 19-ամյա կրտսեր սերժանտ Արսեն Խաչատրյանի քրոջ՝ Աննայի խոսքերն են։

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենում ծնված հերոսը պաշտպանում էր Մարտունու շրջանի առաջնային դիրքերը։ 

«Քեֆ-ուրախությունով իրեն բանակ էինք ճանապարհել ու կյանքում չէինք մտածի, որ այս ձևով ենք իրեն հետ ընդունելու»,-ասում է Աննան։

Արսենը պատերազմի օրերին ամեն օր է զանգել ընտանիքին, Աննան ասում է՝ գիշերն էլ էր զանգում, որ մայրը հանգիստ լիներ, չվախենար։

Վերջին անգամ հոկտեմբերի 31-ին են խոսել, Արսենը զոհվել է նույն օրը՝ գիշերը։

«Ամսի 1-ին ընդհանրապես չէր զանգում, սկսեցինք վախենալ, մայրը ինչ-որ բան զգում էր, ասում էր՝ թող իմ տղան գա, թեկուզ վիրավոր»։

Նոյեմբերի 2-ին Արսենի ընկերը բոթը ուղարկել է՝ ասել է իմ ձեռքերի մեջ զոհվեց Արսենը։

«Ախպերս նորակոչիկների սերժանտ է եղել, նրանց  հետ է ուղարկել, ինքը երկու պայմանագրայինների հետ մնացել է, հայտնվել շրջափակաման մեջ։ Ինձ թվում է՝ այդտեղ գնացողը գիտի, որ հետ չի գալու, գիտակցված կերպով գնացել է, իմ եղբայրն անմահացել է»,-դողացող ձայնով պատմում է հերոսի քույրը։

Հիշում է՝ Արսենը միշտ ուրախ էր, զանգում էր առաջինը ինքն էր հարցնում՝ ո՞նց եք ինչա եղել․

«Անհանգստություն, վախ չէիր զգա իր խոսքում»,-ասում է Աննան և հիշում՝ եղբայրը մի քանի օր առաջ նույնիսկ պատմել էր, որ արկը ոտքերի առաջ է ընկել ու իրեն ոչ մի վնաս չի եղել։

Դեպքից մի քանի օր առաջ միայն Արսենը խոսել է նաև ընկերների կորստի մասին։

«Երբ խոսում էր, կրակոցների ձայները լսվում էր, բայց ասում էր՝ էստեղ քնած ենք, պարապ ենք, մենք նույնիսկ երբեմն մտածում էինք՝ ինքը դիրքերում  չէ»։

19-ամյա հերոսը նպատակներ ու երազանքներ ուներ՝ կրթությունից մինչև ամուսնություն․

«Ուզում էր ոսկերչություն  և ռեժիսուրա սովորել»,-ասում է Աննան և հիշում եղբոր կատակները․

«Բանակից զանգել, ասել էր՝ մա՛մ, հարսանիք չկա՞, գամ ուրախանամ։ Մեծ եղբայրներին ասում էր՝ չեք կարողանում ամուսնանաք, բանակից գալու եմ ու ամուսնանամ»։

Առիթների, տոների ժամանակ մեր ուրախությունն էր, շատ էր սիրում պարել, ուրախանալ,-հիշում է Աննան․

«Ամեն Նոր տարի հավաքվում էինք մեր տատիկի տանը ու նշում էինք, շատ ուրախ էր անցնում մեր Ամանորը, Արսենը մեր ուրախությունն էր, էս Նոր տարին երևի ամենադաժան տարին է, էլի բոլորով հավաքվելու ենք, բայց արդեն նստենք ու նայենք Արսենի նկարին, միայն իր ժպիտն ու նկարը մեզ թողեց»,-ասում է Աննան ու եզրափակում․

«Այս պատերազմում միայն Աստված հաղթեց․ այսքան երեխաներին տարավ ու իրեն հարստացրեց»։

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.