Փախածների մի մասի սկիզբը դրել են կամավորականները, նրանց միացել է կցագրված անձնակազմը. Մովսես Հակոբյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԳլխավոր շտաբի պետի պաշտոնից իր ազատվելու վերաբերյալ գեներալ-գնադապետ Մովսես Հակոբյանը նախ ասում է՝վարչապետից փորձել է ճշտել՝ որն է իր ազատման պատճառը, հինգ օր շարունակ հիմնավորում է պահանջել, վերջապես ստացել է իրեն բավարարող հիմնավորում, առաջարկել է պաշտոնյա, ով կարող էր իրեն փոխարինել․
«Վարչապետը Կառավարության նիստում հայտարարել է,որ ինձ ազատել է պաշտոնից, այլ պաշտոնի նշանակել, ինձ հետ կքննարկի՝ ով կնշանակվի Գլխավոր շտաբի պետի պաշտոնում, բայց այդպիսի զրույց չի եղել մեր մեջ»։
Այնուհետև Հակոբյանն ասում է, երբ իմացել է՝ ով է նշանակվել ԳՇ-ի պաշտոնում, վարչապետին ասել է՝ այդ պաշտոնում նշանակել է ամենից անպատրաստ պաշտոնյային։
Հիշեցնենք՝ այդ ժամանակ ԳՇ պետի պաշտոնում նշանակվեց Արտակ Դավթյանը։
Հակոբյանը պնդում է՝ բանակի քանդման գործընթացն սկսվել է հենց այդ օրվանից։ Գեներալ-գնդապետը փոխանցում է տեղեկություններ այն մասին, որ իր պաշտոնավարումից հետո Պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի մարտավարական օղակը կրճատվել է, իսկ օպերատիվը, այսպես ասած, թուղթ սարքողները, ավելացվել են․
«Հրամանը շատ վատն է՝ 00038, հույժ գաղտնի հրաման է եղել: Կրճատվել է մարտավարական օղակը՝ սկսած վաշտից, ավարտված գնդերով: Կրճատվել է 5 գունդ, որտեղ կար ամբողջ սպայական կազմը՝ հրետանիով, կապի միջոցներով, ամեն ինչով, բացի զինվորներից, որովհետև զինվորների քանակը քիչ է և չի բավարարում ամեն տեղ զինվոր ունենալուն», - ասաց նա: Հակոբյանը պնդում է՝ կրճատումներ եղել են բոլոր ստորաբաժանումներում։ Իսկ իր ներկայացրած բոլոր խնդիրները գրավոր փաստաթղթով ներկայցրել է վարչապետին, ասում է Հակոբյանը։ Ինչ վերաբերում է այս պատերազմին, բանախոսը պնդում է՝ կամավորական խմբերը գալիս էին Արցախ, չունեին որևէ սպառազինություն, հանդերձանք․
«Գալիս են երկրի նախագահի մոտ, մեկ-երկու ժամ պատմում են իրենց հայրենասիրության մասին, նախագահը ուղղորդում է բանակի հրամանատարի մոտ, գնում են, զբաղեցնում բանակի հրամանատարին, բանակի հրամանատարը պիտի մտածի, նոր որոշում կայացնի՝ որտեղից ինչ բերի, նրանց հագցնի, սպառազինի, նոր ուղարկի, հարցը լուծում են։ Ջոկատների մի մասն ասում է՝ մենք գնում ենք Ասկերան, մեզ Ասկերանում զորք պետք չէ, մի ձև ուղարկում ես։ Մարդ, որը չունի կապի համակարգ գործող կռվող անձնակազմի հետ, ինչպե՞ս նա պետք է կռվի։ 5-րդ օրը արդեն Արցախում 1500 մարդ կար փախած, որոնց իզոլացրել են, որպեսզի չվերադառնան Հայաստան և խուճապ չառաջացնեն»։
Հակոբյանը պնդում է՝ նրանց հետ բացատրական աշխատանքներ են տարվել Սեյրան Օհանյանի, Վիտալի Բալասանյանի և այլ զինվորականների կողմից, կերակրել են զորքի սնունդով, որպեսզի նրանց մի մասին կարողանան վերադարձնել բանակի շարքեր․ «Փախածների մի մասի սկիզբը դրել են կամավորականները, նրանց միացել է կցագրված անձնակազմը»։