Նախորդ իշխանությունները չեն բացառել տարածքների վերադարձը, և դա շատ հարմար է եղել Ալիևին. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Նախորդ իշխանությունները չեն բացառել տարածքների վերադարձը, և դա շատ հարմար է եղել Իլհամ Ալիևին»,-այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե բանակցությունները ավարտվել են այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Արցախը Հայաստան է, և վե՛րջ։
Սիմոնյանի համոզմամբ՝ հայ ժողովուրդը պետք է ուրախ լինի, որ Փաշինյանը Ալիևի համար հարմար բանակցող չէ։ ԱԺ փոխխոսնակը վստահեցրեց՝ ռազմաճակատի դիվանագիտական հատվածում մենք արդեն հաղթել ենք, միջազգային հանրության ներկայացուցիչները նույնիսկ չեն թաքցնում իրենց համակրանքը։
«Բավականին երկար ժամանակ Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը միանձնյա պայքարել է համաշխարհային տեռորիզմի, աշխարհի մեծագույն բանակի՝ Ադրբեջանի դեմ»։
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ նույնիսկ այս պատերազմական իրավիճակում կան մարդիկ, ովքեր փորձում են առաջ մղել իրենց նեղ անձնական շահերը։ Թե ինչո՞ւ է ազատվել ԱԱԾ տնօրենը, Սիմոնյանն ասաց՝ չի ուզում մեկնաբանել, միայն վստահեցրեց՝ որևէ արտաքին ազդեցություն այդ որոշման վրա չի եղել, այդ որոշումը կայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Խոսելով օրերս դիրքերում զինվորների շրջանում խուճապ, կեղծ լուր տարածելու դեպքի մասին՝ Սիմոնյանն ասաց․ «Վստահեցնում եմ՝ շուտով հստակ անուններ կլինեն, գործողություններ կտեսնեք։ Այս պահին քննություն է ընթանում, ենթադրում եմ՝ մեծ տեղեկատվություն կլինի»։