Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մսխել ենք կայացման ժամանակը»

Տնտեսություն

ՀՀ-ում տնտեսությունը ողբերգական վիճակում է. այս կարծիքին է ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանը:


-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում վարվող տնտեսական քաղաքականությունը հատկապես ճգնաժամի պայմաններում, հաշվի առնելով այն իրողությունը, որ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը ճգնաժամի հաղթահարման նպատակով գնաց հարկային բեռի թեթեւացման ճանապարհով, մեզ մոտ նկատվում են հակառակ դրսեւորումները:

-Հայաստանում տնտեսությունը այսօր անբնական վիճակում է, իսկ անբնականությունը նրա ոչ ազատ լինելն է, հետեւաբար գնահատում եմ այնպես, ինչպես այդ քաղաքականությունը ազդում է երկրի բնակչության, քաղաքացիների վրա, որովհետեւ տնտեսական քաղաքականության մասին կարելի է ամպագոռգոռ բառեր ասել, ասել, թե նոր միջազգային տոնավաճառում հայկական տաղավարը լավագույնն է եղել, բայց ռացիոնալության մակարդակում ճիշտը երեւույթի մասին դրա արդյունքներով դատելն է:
Իսկ արդյունքն այն է, որ մենք մնում ենք աղքատ ու թշվառ երկիր եւ մեր երկրից բնակչությունը հնարավորության դեպքում արտագաղթում է: Մեր տնտեսությունը գտնվում է ողբերգական վիճակում, բայց ողբերգական ոչ թե քաղաքականություն վարողների համար, այլ պարզ քաղաքացիների: Տնտեսական քաղաքականությունը եւ բարեփոխումներն իրենց էությամբ այնպիսին են, որ դրանց հետեւանքները շատ արագ են երեւում: Իմ համոզմամբ, մեզանում ուղղակի հանցավոր տնտեսական քաղաքականություն է վարվում:

-Իսկ որքանո՞վ եք ճիշտ գնահատում ճգնաժամի պայմաններում վարկային ռեսուրսներով տնտեսություն պահելը, հատկապես, երբ արտաքին պարտքն արդեն հասնում է վտանգավոր չափերի:

-Վարկերը դրանք ֆինանսական լրացուցիչ միջոցներ են, որոնք կարող են արտաքին լինել` այլ պետություններից, կազմակերպություններից եւ անհատ գործարարներից: Բայց մենք պետք է հասկանանք, որ եթե մեզանում տնտեսվարման պայմանները լավը լինեն, տնտեսական ազատություն ու ազատ մրցակցություն լինի, հենց ներսում կան ռեսուրսներ, որոնք կարող են ներդրվել Հայաստանում, ոչ թե ուրիշ երկրներում հանքարդյունաբերություն զարգացնելու, կամ որսորդության ու այլ խրախճանքների նպատակով:
Եթե ՀՀ-ում գործարարների համար տնտեսական միջավայրը լինի ազատ, անվտանգ եւ կանխատեսելի, հենց բիզնես միջավայրից կլինեն այդ ներդրումները, եւ եթե դրանից հետո առաջանա արտաքին փոխառությունների եւ ներդրումների կարիք, այդ ժամանակ կարելի է մտածել դրանց նպատակահարմարության մասին: Բայց հիմա եթե վարկերը դրվում են մանր ու միջին գործարարության համար, ապա օլիգարխիկ տնտեսության մեջ մանր ու միջին գործարարությունը ինչքան էլ վարկ ունենա, չի կարողանա մրցակցել այս անբնական միջավայրում խոշորների, մենաշնորհ ունեցողների, հարկային, մաքսային առանձնաշնորհ ունեցողների հետ, եւ այդ վարկը կարող է վարկառուի համար դառնալ պատուհաս, սնանկացման, կործանման պատճառ: Վարկը դա յուրատեսակ պարտք է, որը պետք է ըստ նպատակի օգտագործել, եւ եթե այդ նպատակին հասնելու միջավայրը, մթնոլորտը, պայմանները չկա, ապա այն կարող է միայն կործանել գործարարին:

-Պարոն Սահակյան, ինչո՞ւ մեր գործարարները նախընտրում են ներդրումներ անել դրսում, ոչ թե հայրենիքում, որովհետեւ տնտեսական ազատությունները բավարար չեն, թե նաեւ քաղաքական մթնոլորտն ու երկրի ապագայի հանդեպ անվստահությունն է պատճառը:

-Գոյություն ունեն գործակիցներ, որոնցով գնահատվում են երկրները, նրանց վարկը եւ այդ վարկի ամենակարեւոր ցուցիչը հենց քաղաքական ռեժիմն է: Ներդրումներ կատարել մի երկրում, որտեղ մարդկային ազատությունները չեն հարգվում, որտեղ կարող են քաղաքական ցնցումներ լինել, որտեղ խոսքի ազատությունը չի հարգվում, որտեղ պետությունը չափազանց մեծ միջամտություն ունի թե տնտեսական գործունեության մեջ, թե նույնիսկ մարդկանց անձնական կյանքում, առեւտրային գաղտնիք համարվող տեղեկությունների պահպանման առումով էլ մեր երկիրը չափազանց վատ վիճակում է գտնվում: Մեր երկրում սեփականության վերաբաշխման մասին որոշումները ընդունվում են քաղաքական մակարդակում, ոչ թե արժեթղթերի շուկայում, կամ առքուվաճառքի պարզ ձեւերով: Հետեւաբար, այս տարիների ընթացքում հանգել եմ այն համոզման, որ ամենախելացին, ամենաբանիմացը, ամենադյուրազգացը կապիտալն է, նա հասկանում է, որտեղ է իր համար ապահով, ամենազգույշ արարածը փողն է, որտեղ ապահովություն չկա, փողն այնտեղ երբեք մուտք չի գործի, ինչքան էլ դուք նրան գունազարդեք հայրենասիրության պիտակներով, ինչքան էլ նրա մասին երգեր հորինեք, հատուկ նախարարություններ բացեք` սփյուռքի եւ այլն, երգի, պարի մրցույթներ կազմակերպեք, դրանք կարող են լինել ՀՀ-ի նկատմամբ մարդկային, պարզ վերաբերմունքի, ջերմության արտահայտում, բայց չեն կարող հիմնավոր, շարունակական բիզնես ծրագրեր:

-Իսկ ինչպե՞ս կբացատրեք այն փաստը, որ մեր օլիգարխները, մաս կազմելով նույն այդ տնտեսական ու քաղաքական իշխանության, գերադասում են ներդրումներ անել ոչ թե հայրենիքում, այլ դրսում:Ի՞նչ է ստացվում է, որ իշխանությունը կտրում է այն ճյուղը, որի վրա ինքը նստա՞ծ է:

-Այդպես է, մարդիկ չեն կարողանում գնահատել իրենց գործողությունների հետեւանքները, դա անելու համար պետք է ունենալ աշխարհայացք. եթե կյանքի նպատակը մեկի անհագ հարստացումն է, սնապարծությունն, իր անառողջ հավակնությունների բավարարումն է, ապա երբեք չի կարող ընդհանուրի շահերի տեսանկյունից դատողություններ անել: Մարդկությունը պետությունը ստեղծել է որպես մեքենա, որի նպատակը ոչ թե բյուրոկրատական ապարատի, պետության ղեկին նստած մարդկանց անձնական, ընտանեկան, կլանային շահերի բավարարումն է, այլ ընդհանուր շահի:Մեզ մոտ այսօր պետական հանգամանքը դիտվում է որպես անձնական բարեկեցության նախապայման. սա արատավոր համակարգ է, եւ այն ավելի է խորանում, մեզ մոտ գոյություն չունի մարդկային կեցության գլխավոր բաղադրիչը`առաջադիմության ձգտումը: Մենք բռնել ենք ռեգրեսի ճանապարհը. Անկախության 20 տարին բավարար երկար ժամանակ էր անցյալի խնդիրները հաղթահարելու համար, եւ նույնիսկ պատմությամբ թույլատրելի ժամանակը մենք մսխել ենք:

Զրուցեց Դիանա Մարկոսյանը