«Կառավարության միջամտությունը պետք է նվազեցնել» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Այսօրվա տնտեսությունը, օրենսդրությունը, մտայնությունը եթե դեռ ունի ինչ-որ դրական, առողջ միտումներ, դրանք գալիս են 15 տարի առաջ արված բարեփոխումներից»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանը:
Ըստ նրա, դրանք շրջվեցին, կասեցվեցին, ինչի համար որպես ազդանշան եղավ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունն այն մասին, որ ոչ ոք չի կարող բիզնեսով զբաղվել առանց խախտում, խեղաթյուրում անելու, առանց հանցագործություն անելու. «Նա բիզնես միջավայրը հայտարարեց գործունեության կասկածելի միջավայր, որտեղ միշտ կարելի է գտնել կրիմինալ, ներքաշեց նրան իր ազդեցության տակ, եւ սերտաճեցնելով պետական կառույցների հետ` մի կողմից ապահովեց նրա նկատմամբ կատարյալ վերահսկողություն, մյուս կողմից հասարակությանը, քաղաքացիական հասարակությանը, մամուլին, այլ ինստիտուտներին զրկեց ավտոնոմ գործելու հնարավորությունից»:
Արա Սահակյանի գնահատմամբ, այսօր պետության միջամտությունը հասարակական կյանքում, այդ թվում տնտեսությանը չափազանց մեծ, անթույլատրելի չափերի է:
«Եթե Տիգրան Սարգսյանի կառավարությունը նվազագույնի հասցներ տնտեսական միջավայրում իր միջամտությունը, դա մեծ ձեռքբերում կլիներ»,-ասում է Արա Սահակյանը եւ ավելացնում, որ բացի կարգավորիչ ֆունկցիայից` հարկերի, տուրքերի հավաքագրումից, որոշակի ֆինանսավորման, սուբսիդիաների միջոցով կարգավորելուց բացի պետությունը այլ ֆունկցիա չպետք է կատարի:
«Տնտեսությունը, որպես օրգանիզմ, շատ նման է կենսաբանական օրգանիզմի, երբ դնում ես առողջ միջավայրում, նա ինքնակարգավորվում,ինքնակատարելագործվում եւ զարգանում է: Պետական միջամտությունը եւ բարի նպատակներով եւ գռեհիկ` սեւ բյուջեի հավաքագրման, ընդհատակյա ձեւերով, վնաս է տնտեսությանը, Տնտեսությունը պետք է ազատել կառավարության թելադրանքից, անհարկի միջամտությունից, կառավարության մասնակցությունը տնտեսությանը պետք է լինի միայն օրենսդրության մակարդակում, այլապես դա հանցավոր մասնակցություն է եւ միայն խանգարում է»,- նշեց պարոն Սահակյանը:
Մեր հիշեցմանը, թե տնտեսական ճգնաժամին ամենահեշտը դիմակայեց Բելառուսը, որտեղ պետության միջամտությունը տնտեսությանը ամենաշոշափելին եւ ակնառուն է, Արա Սահակյանը պատասխանեց. «Բելառուսի տնտեսական ծաղկման, չնայած ծաղկում դժվար է ասել, մեր համեմատությամբ բարվոք վիճակը, քաղաքական մոտիվացիայով Ռուսաստանից տրվող էժան էներգակիրներն են, ինչպես նաեւ երաշխավորված ձեւով բելառուսական ապրանքների ռուսական շուկայում իրացումը, որը նրանց դրել է այսպես կոչված արտոնյալ վիճակում»:
Սահակյանը բելառուսական տնտեսությունը նմանեցրեց մի հիվանդի, որը շնչում է եւ դեռ լավ տեսք ունի շնորհիվ իր շուրջն առկա դեղամիջոցների եւ կազդուրիչ նյութերի: «Երբ այդ արտաքին արհեստական, ջերմոցային պայմանները դուրս բերեն եւ բելառուսական տնտեսությունը հայտնվի մրցակցային վիճակում, նրանից ուղղակի ոչինչ չի մնա»,-վստահ է Արա Սահակյանը:
Ի դեպ, նույն արտոնյալ գներով ՀՀ-ն էլ ՌԴ-ից էներգակիրներ է ստանում, բայց «այդ առողջ տեսքն չունի, տնտեսությունն էլ այնպես չի շնչում, ինչպես բելառուսականը», ճգնաժամին էլ հայկական տնտեսությունը չկարողացավ դիմակայել այնպես, ինչպես Բելառուսի տնտեսությունը:
«Մեր թշվառության գլխավոր պատճառը գտնվում է մեր կառավարողների ձեռքում. պետությունն, իշխանությունը ունի հասարակության վրա ներգործելու ավելի մեծ եւ անթույլատրելի հնարավորություններ: Դա է պատճառը , որ մեր հասարակությունը ինքը չի զարգանում, ինքը չի կարգավորում իրեն, չի հայտնաբերում իր խնդիրները, եւ այդ է պատճառը, որ մենք ամեն ինչում մեղադրում ենք իշխանությանը, մեզ չենք մեղադրում, պետությունն այնպես է մամլում, ճնշում հանրությանը, որ այն դարձել է մի տոտալիտար համակարգ»,- «Ա1+»-ին ասաց Արա Սահակյանը: