Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարկային գերակատարումն` ըստ տնտեսագետների

Տնտեսություն

«Հարկահավաքության արդյունավետություն տեղի չի ունեցել»,- նման կարծիք հայտնեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը` ծանոթանալով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հաղորդագրությանը: Ըստ դրա` 2010թ.-ի չորս ամիսներին հավաքագրումները գերակատարվել են և' հարկային, և' մաքսային մասով:

Ըստ տնտեսագետի` գերակատարումները հիմնականում ավելացված արժեքի հարկի հաշվին են: «Համաշխարհային շուկայում գների աճ է տեղի ունեցել, ավելացված արժեքի հարկի հաշվին տեղի է ունեցել աճ: Տեղի է ունեցել միջազգային կոնյունկտուրայի փոփոխության արդյունքում»,- «Ա1+»-ին ասաց Վահագն Խաչատրյանը: Նրա գնահատմամբ` եթե գերակատարումը լիներ շահութահարկի հաշվին, ապա այդ դեպքում նոր կարելի էր ասել, որ տնտեսության մեջ արդյունավետությունը բարձրացել է:

«2010-2009թ-ի համեմատ գների աճը միանշանակ է, պաշտոնական վիճակագրությունն է ասում, որ տարեկանը տարեկանի վրա 8-9 տոկոս աճ է գրանցվել: Կարող ենք վերցնել ՀՆԱ-հարկեր հարաբերակցությունը, այդտեղից էլ կերեւա: Ցուցանիշով գտնվում ենք, ինչպես ԱՄՀ ներկայացուցիչն էր ասել, աֆրիկական պետությունների մակարդակին, ինչը շատ ցածր մակարդակի է»:

Իսկ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն էլ «Ա1+»-ին թեմայի վերաբերյալ շատ կարճ պատասխան տվեց. «Դեռ անցած տարի, երբ բյուջեն հաստատում էին, ասել էի, որ թույլ ծրագիր է, նախատեսում է եկամուտների հավաքագրման շատ փոքր մակարդակ, որը թեեւ մեկ նպատակ կարող է հետապնդել, որ տարվա ընթացքում զեկույցներ լինեն, թե ինչ լավ են աշխատում հարկային մարմինները, ինչի հետ հիմա գործ ունենք»: