Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նաիրիտի» պարտքերը կառավարությունը չի մարի

Տնտեսություն

ՀՀ Կառավարությունը քննարկել է «Նաիրիտի» ՓԲԸ ճակատագիրը: Այսօր այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը:

ՀՅԴ պատգամավոր Արա Նռանյանը կառավարությունից հետաքրքրվեց «Նաիրիտ» գործարանի կուտակած պարտքերից: Ի՞նչ ծրագրեր ունի կառավարությունը «Նաիրիտի» վերաբերյալ, եթե գործարանը փակվելու է, ի՞նչ է լինելու «Նաիրիտի» 3000 աշխատողների հետ. պատգամավորի հարցին` նախարար Մովսիսյանը պատասխանեց. «Ընդամենը մի քանի օր առաջ քննարկվել են «Նաիրիտի» խնդիրները եւ միանշանակ որոշվել է, որ «Նաիրիտը» աշխատելու է»:

Նախարարը նաեւ տեղեկացրեց, թե վերանայվել է «Նաիրիտի» այն ծրագիրը, համաձայն որի` պետք է վերաարտադրվի կաուչուկի արտադրությունը:
Այս ծրագիրը, ըստ նախարարի, կյանքի չի կոչվել միայն տնտեսական ճգնաժամի պատճառով: Արմեն Մովսիսյանն այսօր նաեւ տեղեկացրեց, որ «Նաիրիտի» աշխատողների կրճատում չի սպասվում: Ինչ վերաբերում է նրան, թե ո՞վ կլինի «Նաիրիտի» տերը եւ ինչպե՞ս են մարվելու պարտքերը, ապա Էներգետիկայի նախարարն ասաց. «Որեւէ մեկը, այդ թվում կառավարությունը չի պատրաստվում իր վրա վերցնել «Նաիրիտի» պարտքերը: Գործարանը պետք է վերագործարկվի եւ իր պարտքերը մարի, այնպես, ինչպես կուտակել է»:

«Նաիրիտ» ՓԲԸ-ից «Ա1+»-ին հայտնեցին, որ աշխատակիցներից որեւէ մեկը չի կրճատվել:
«3000-ից ավել աշխատող ամեն օր գալիս է աշխատանքի: Անելու շատ բան կա, բայց արտադրանք դեռ չկա»,- ասաց «Նաիրիտ» ՓԲԸ-ի հասարակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապերի ծառայության պետ Անուշ Հարությունյանը:

Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի դիմաց «Նաիրիտի» կուտակած 829 միլիոն դրամ պարտքին, ապա Անուշ Հարությունյանը հայտնեց, որ դրա մի մասը «Նաիրիտն» արդեն մարել է, եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել մաս-մաս մարել ամբողջ պարտքը: