Տնտեսագետի կարծիքով՝ ստեղծված իրավիճակից Կառավարությունը կարող է նաև օգուտ ստանալ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը կորոնավիրուսի հետ կապված ռիսկեր է նկատում, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա։
«Արտաքին առևտրի երկու խոշոր պետություններ՝ Իրանն ու Չինաստանը, արտաքին առևտրի ընդհանուր ծավալները Հայաստանի համար կազմում է մոտ 9 տոկոսը, և իրենց բաժին է ընկնում 560-580 մլն դոլար տարեկան շրջանառություն։ Հետևաբար, երկու երկրների՝ կորոնավիրուսով վարակված լինելը կարող է ստեղծել մատակարարման խզումներ»,- լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսագետը։
Ըստ նրա՝ նշված գումարի 85 տոկոսը ներմուծմանն է վերաբերում, և ոչ թե արտահանմանը։ Իրանն ու Չինաստանը Հայաստանի համար կրիտիկական են նաև էժան մատակարարում ապահովող երկրներ լինելու հանգամանքով։
«Քանի որ Հայաստանն ունի աղքատության ու գործազրկության խնդիրներ, հետևաբար միկրո, փոքր բիզնեսի ներկայացուցիչներն իրենց առևտուրն ու տարեկան շրջանառությունը ապահովում են այդ երկրներից բերված ապրանքները վաճառելով, դա կարող է տնտեսության վրա էական ազդեցություն ունենալ», - ասաց նա։
Մյուս մտահոգող խնդիրը տուրիզմն է։ Ըստ Գագիկ Մակարյանի՝ այն անմիջապես կազդի միկրո, փոքր բիզնեսի, ու ծառայությունների ոլորտի վրա։
«Եթե մեր ՀՆԱ-ի մեջ ծառայությունների ոլորտն ունի էական դերակատարություն, ապա այս դեպքում այս տարի մենք նվազում կունենանք»,- նշեց Գագիկ Մակարյանը։
Նա Կառավարության կողմից կորոնավիրուսի կանխարգելման դեմ ձեռնարկվող քայլեր չի նկատում։ Գագիկ Մակարյանի համոզմամբ՝ ՊԵԿ-ի մաքսային բաժնից կարելի էր տեղեկանալ, թե Իրանից ու Չինաստանից մատակարարումները ո՞ր տարածաշրջանից են կատարվում, և արդյո՞ք դրանք կորոնավիրուսի համար կրիտիկական զոնաներ են, թե ոչ։
«Եվ եթե այդպիսին է, ապա դրանք շատ արագ պետք է դադարեցվեն։ Մյուս կողմից էլ պետությունը կարող է օգնել, որ դադարեցվող պայմանագրերը ֆինանսական հետևանքներ չունենան, քանի որ մենք գտնվում ենք ֆորսմաժորային վիճակի մեջ»,- ասաց պարոն Մակարյանը։
Նա հավելեց նաև, որ Էկոնոմիկայի նախարարությունն ու ԱԳՆ-ն կարող են հանդիպումներ կազմակերպել բիզնես ներկայացուցիչների հետ և ճշտել, թե ալտերնատիվ ո՞ր երկրներից կարող ենք մատակարարում ապահովել։
«Այսպիսի մոտեցում ես դեռ չեմ նկատել, խորհրդակցությունները կարծես թե չեն եղել, բայց կարծում եմ, որ դրա կարիքը կա։ Իմ հաշվարկով՝ կորոնավիրուսի բուժման արդյունքները աշնանը կարող ենք տեսնել»,- ասաց նա։
Տնտեսագետը շեշտում է, որ Կառավարությունը ստեղծված իրավիճակից կարող է նաև օգուտ ստանալ։ Նա երկու տարբերակ է առաջարկում։
«Առաջինը, որ կարող են սեփական արտադրություններ խթանվել։ Շատ լավ առիթ է, որ պետությունը փորձի սուբսիդավորել, և եթե կարիք կա, էժան վարկեր տրամադրվեն, որպեսզի սեփական արտադրությունները խթանվեն։ Օրինակ՝ հագուստի արտադրություն, լվացման միջոցներ, ինչպես նաև այլ արտադրություններ ստեղծվեն, որոնք կարող են փոխարինել իրանական և չինական արտադրանքներին»,- ասաց նա։
Երկրորդ փաստը, որ կարող է պետությունն օգտագործել, այն է՝ եթե Հայաստանը կարողանա ճկուն քայլեր իրականացնել կորոնավիրուսի կանխարգելման դեմ, ապա կարող է հուսալի երկիր դառնալ, և տուրիզմի առումով այդ լավ կլինի։
«Բոլոր դեպքերում կարծում եմ, որ որոշ երկրների տուրիստները կարող են հաշվարկել, որ Հայաստանն ավելի անվտանգ երկիր է, և կորոնավիրուսի տեսանկյունից, նպատակահարմար է գալ այստեղ հանգստանալ ու գուցե այդ տեսանկյունից օգուտ լինի»,- նկատեց նա։
Գագիկ Մակարյանը նաև անդրադարձավ նավթի գնի անկմանը։
«Հենց ռուսական ռուբլին արժեզրկվեց, մեր արտահանողները, որոնք Ռուսաստանից գումարներ ունեին ստանալու, միանգամից հայտնվեցին ֆորսմաժորային վիճակի մեջ։ Սկսեցին անհանգստանալ, նորից նույն պատմությունները սկսկվեցին, ինչ 2014 թվականին էր։ Նավթի գնանկումը կարող է Հայաստանի համար նավթամթերքի էժանացման բերի, բայց մեզ համար ավելի վտանգավոր է դրա ազդեցությունը ռուբլու վրա, դրանք համարժեք չեն։ Ինչքան էլ նավթն էժանանա, մենք չենք կարող ասել, որ դա ավելի լավ է, քան արտահանողների տուժելը, որովհետև Ռուսաստանը արտահանման մեջ մեր առաջին գործընկերն է»,- նշեց Գագիկ Մակարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։