«Վանեցյանը հենց անցյալի արձագանքն է»․ Արմեն Գրիգորյան
Աջակցիր «Ա1+»-ին«Ծանոթ չեմ Արթուր Վանեցյանի հարցազրույցին, բայց չեմ էլ կարծում, որ պետք է արձագանքելու անհրաժեշտություն լինի»,- Կառավարության այսօրվա նիստից հետո հայատարարեց Անվտանգության խորհդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով թերթերի գլխավոր խմբագիրների հետ հանդիպման ժամանակ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարություններին։
«Հայաստանի ժողովրդավարացման գործընթացը շարունակվելու է, այդտեղ մենք որևէ հարցում հետընթաց չենք ունենալու և ժողովրդավարության կայացմամբ առաջին հերթին հետաքրքրված ենք մենք և մեր ժողովուրդը»,-նշեց Գրիգորյանը։
Միջազգային հանրության արձագանքի մեջ Արմեն Գրիգորյանը խնդիր չի տեսնում, ինչ վերաբերում է Վանեցյանի հայատարարություններին, թե վերադարձ անցյալին թույլ չի տալու, Գրիգորյանն ասաց․
«Վանեցյանը հենց անցյալի արձագանքն է»։
Խոսելով Վանեցյանի հայատարարության մասին, թե Հայաստանում կան քաղաքական ուժեր, որ ֆինանսավորվում են դրսից, Գրիգորյանն ասաց՝ եթե ունի նման տվյալներ, թող հրապարակի, եթե պաշտոնավարման ժամանակ է ունեցել նման տեղեկատվություն, պիտի զեկուցած լիներ։
Խոսելով Վանեցյանի այն հայտարարության մասին, որ իշխանության մեջ կան մարդիկ, ովքեր դավաճանում են հեղափոխությանը, այսինքն՝ չեն արդարացնում նրանց սպասելիքները, Գրիգորյանը վստահություն հայտնեց, որ քաղաքացիների հույսերը մեծամասամբ արդարացվել են․
«Իհարկե, քաղաքացիներն ունեն պահանջներ, որոնք մենք դեռ չենք կարողացել արդարացնել, դրա համար հավելյալ ժամանակ է պետք: Բայց Հայաստանում կատարված բարեփոխումների այն ծավալը, որը տեղի է ունեցել վերջին երկու տարիների ընթացքում, խոսում է այն մասին, որ Հայաստանում մեծ մասով կատարվել են քաղաքացիների ակնկալիքները»:
Գրիգորյանն ընդգծեց, որ որոշ հարցերում քաղաքացիների ականկալիքները նույնիսկ գերազանցվել են, նրա խոսքով՝ 2018 թվականին դժվար թե քաղաքացիները պատկերացնեին, որ 500 կմ ճանապարհ է կառուցվելու, ՍՈւ-եր, ՏՕՌ-եր են ձեռք բերվելու․
«Մի կարևոր բանի մասին պետք է խոսել. Ընդհանարպես իրողության փոփոխության հետ նաև քաղաքացիների պահանջներն են փոխվում: Այսինքն, Երբ մենք կառուցել ենք 500 կմ ճանապարհ, դրանով քաղաքացիների ակնկալիքները չեն սպառվել, նոր ակնկալիքներ են ձևավորվել: Մենք հեղափոխության ակնկալիքները մեծ մասով արդարացրել ենք, իսկ այն մասով, որով չենք հասցրել, ժամանակի ընթացքում կհասցնեք»:
Անդրադառանալով վերջին շրջանում բանակում տեղի ունեցող ցավալի դեպքերին՝ Գրիգորյանն ասաց՝ բանակում տեղի ունեցող խնդիրների մի մասը նաև հասարակական խնդիրներ են, և քրեական ենթամշակույթի դեմ պայքարը նաև նպատակ ունի բանակում բարեփոխումներ անել։
«Հուսով եմ, որ ընդհանուր բարեփոխումները կարող են ազդել, որ այստեղ ևս ունենանք դրական տեղաշարժ»։