Բացել լրահոսը Փակել լրահոսը
Լիլիթ Մակունց
A A
Քաղաքականություն

Նկրտումներ կան դատական իշխանությունը ուզուրպացնելու․ Լիլիթ Մակունց (տեսանյութ)

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը անհրաժեշտ է համարում արտահերթ նիստ հրավիրել, որի օրակարգում ներառված փաթեթն, ինչպես նշում է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, նպատակ ունի ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակը հագուցալուծել։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով փետրվարի 6-ին արտահերթ նիստ գումարելուն։ 

Լիլիթ Մակունցը չցանկացավ մեկնաբանել, թե ինչ է առաջարկվում արտահերթ նիստում ընդգրկված փաթեթով։ Նա միայն նշեց, որ նպատակը մեկն է՝ ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակը շուտափույթ հանգուցալուծել։ Թե ինչո՞ւ չի ցանկանում մանրամասներ հաղորդել, Լիլիթ Մակունցն արձագանքեց

«Նպատակահարմար չենք գտնում։ Գտնում ենք, որ շատ կարևոր է բովանդակային առումով նախագծերը քննարկել արտահերթ նիստին, որտեղ ոչ միայն «Իմ քայլը» խմբակցությունը կներկայացնի իր դիրքորոշումը, այլև մյուս խմբակցությունները ևս հնարավորություն կունենան իրենց դիրքորոշումը արտահայտել։ Դա մեր իրավունքն է նախապես չներկայացնել»,- ասաց Լիլիթ Մակունցը։ 

 Ըստ նրա՝ այս ընթացքում իշխանություններն առավելագույնն են արել, որ ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը չխորանա, և դա արել են օրենքի տառին հետևելով։ 

«Սահմանադրական դատարանն ունի լեգիտիմության խորը դեֆիցիտ, ինչը վերականգնելու համար այսօր պահանջ է դնում ՀՀ քաղաքացին։ Եվ մենք, որպես առաջնային մանդատ կրող ինստիտուտ, պարտավոր ենք մեր սահմանադրական պարտավորությունների շրջանակում այս հարցը հանգուցալուծել»,- ասաց Լիլիթ Մակունցը։ 

Ըստ իշխող խմբակցության ղեկավարի՝ Հրայր Թովմասյանը հնչեցնում է քաղաքական տեսքտեր՝ լինելով ՍԴ նախագահ։

«Հրայր Թովմասյանը ներկայանում է որպես դատական իշխանության ղեկավար, ինչն այդպես չէ, և սա նշանակում է, որ նկրտումներ կան դատական իշխանությունը ուզուրպացնելու համար։ Սա վկայությունն է նրա, որ հակառակ իշխանությունների ջանքերի, որպեսզի ՍԴ ճգնաժամը չխորանա՝ տեղի է ունեցել հակառակը հենց ՍԴ-ի կողմից»,- նշեց Լիլիթ Մակունցը։

Թե ինչո՞ւ է ցանկանում Հրայր Թովմասյանը ուզուրպացնել դատական իշխանությունը, Լիլիթ Մակունցը դեռ վաղ համարեց դրա մասին խոսել՝ նշելով, որ արտահերթ նիստին կպարզաբանեն։ 

Նշենք, որ արտահերթ նիստերի օրակարգում ներառված է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։

Արտահերթ նիստ անցկացնելու վերաբերյալ օրեր առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր մտահոգություններն էր հայտնել, նշելով, որ փաթեթում ներառված փոփոխությունները հիմնարար են և դրանք  չպետք է կատարվեն արտահերթ ընթացակարգով։ Ըստ պարոն Մարուքյանի՝ փաթեթով առաջարկվում է՝

Մինչ Սահմանադրության փոփոխությունների ընդունումն Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարան դիմելը՝ նախագծի սահմանադրականությունը որոշելու նպատակով, դարձնել ոչ պարտադիր, նույնը՝ հանրաքվեի դրվող Սահմանադրության փոփոխությունների մասով,
- Ուժը կորցրած ճանաչել Ազգային ժողովի ընդունած Սահմանադրական փոփոխությունները Հանրապետության նախագահին ուղարկելու մասին դրույթը, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահին վերապահել այդ փոփոխությունները հրապարակելու գործառույթը, որն այժմ պատկանում է Հանրապետության նախագահին,
- Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունն անցկացնել Ազգային ժողովի ոչ միայն հերթական, այլ նաև արտահերթ նիստերի ընթացքում։