Երևում են հայկական և ադրբեջանական կողմերի առաջնահերթությունները․ Ստյոպա Սաֆարյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՇվեյցարիայի Ժնև քաղաքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հունվարի 29-30-ը կայացավ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որին հայտարարություն հաջորդեց։
Միջազգային և անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի ղեկավար, Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի համար ակնհայտ է Բրատիսլավայում և Ժնևում տեղի ունեցած հանդիպումներից հետո կատարված համատեղ հայտարարությունների միջև կապը։
«Վերջին հայտարարության մեջ դրված է երկու հարց, որտեղ կրկին երևում են հայկական և ադրբեջանական կողմերի առաջնահերթությունները՝ հաշտեցնելու կամ դրանք հավասարապես քննարկման առարկա դարձնելու հարցը»,- նշեց Սաֆարյանը։
Սաֆարյանը նաև անդրադարձավ Ադրբեջանում հայ ռազմագերիների և Արցախում՝ Շուշի բերդում բանտարկված Քարվաճառյան դիվերսանտների՝ ադրբեջանական կողմի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակման ցանկությանը։
«Այստեղ էլ պրոցեսն այդքան էլ հեշտերից չէ։ Եվ պատկերացնել կարելի է, թե Ժնևում այս կարգի խնդիրներից խոսելու դեպքում քանի ժամ պետք է պահանջվեր հայկական կողմից, օրինակ՝ ներկայացնելու, թե ովքեր են Քարվաճառյան դիվերսանտները և ինչու նրանք չեն կարող «բոլորը բոլորի դիմաց» կամ թեկուզև ինչ-որ այլ սկզբունքով ետ վերադարձվել»,- նկատեց ՀԽ նախագահը։
Ըստ քաղաքական գործչի՝ Բրատիսալավայում խոսվել է, որ ԼՂ հիմնախնդրում ստատուս-քվոն պահպանվել չի կարող, և նաև խնդրին ռազմական լուծում չկա: «Եվ սա միջազգային հանրության հստակ և կոշտ դիրքորոշումն էր Ադրբեջանի մտադրություններին՝ էսկալացիայի կամ պատերազմի միջոցով խնդիրները լուծելու ուղղությամբ»,- ընդգծեց Ստյոպա Սաֆարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։