Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տնտեսություն

«Կոռուպցիան և ստվերը ծագել են Ադամից և Եվայից»․ տնտեսագետ (տեսանյութ)

«2017 թվականի տնտեսական ակտիվության ցուցանիշը 7,7 տոկոս է եղել, հիմա 7,8 տոկոս է: Ուրեմն հեղափոխական թռիչքը կոռուպցիոն իշխանությունների համամատ ավել է 0,1 տոկոսով»,-այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։

Բոստանջյանի խոսքով՝ «աննախադեպությունը» մեծապես վայելու է քաղաքական էլիտան՝ ի դեմս աշխատավարձերի, պարգևավճարների, զանազան տիպի, այսպես կոչված, բարեգործական հիմնադրամների։

Ինչ վերաբերում է ստվերի կրճատմանը, Բոստանջյանն ասում է՝ ցանկացած ժամանակահատվածում էլ ստվերի կրճատում եղել է, բայց հնարավոր չէ հասնել ստվերի վերջնական կրճատման․

«Կոռուպցիան և ստվերը ծագել են Ադամից և Եվայից և մարդկության հետ էլ վերանալու են, այն ընդհանրապես արմատախիլ անել բացառվում է, պետք է մաքսիմալ սահմանափակել»։

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն էլ ասում է՝ 2019-ին 46 հազարով ավելացել է գրանցված աշխատատեղերի թիվը․

«Մենք հստակ վերլուծություն ենք արել եղած պաշտոնական վիճակագրության վրա, դրանցից 1000-ն են, որ եղել են նոր ստեղծված աշխատատեղեր։ Սոցիալական ազդեցությունը այստեղ գրեթե զրոյաան է»։

Տնտեսագետը վստահ է՝ ստվերի կրճատումը պրոպագանդելով՝ տնտեսական և սոցիլական խնդիրները մնում  են ստվերում։

Բոստանջյանն անդրադարձավ նաև մեքենաների մաքսազերծման խնդիրներին, նշեց, որ սա տնտեսության խոցելի կողմերից մեկն է․

«Գրեթե 200 հազարին մոտ մեքենա բերվեց Հայաստան՝ պայմանավորված մաքսազերծման հետ կապված արտոնության հետ, պետական եկամուտները մի քիչ շատացան,  բայց դա ակնհայտորեն տնտեսության համար հավելյալ արժեք չստեղծեց։ Բիզնեսի այդ տեսակը մարում է, 2020 թվականին ընդհանրապես չի լինի, ավելին, ներկրված մեքենաներն այնքան խոցելի են դարձել, որ կարող է այս բիզնեսն ընդհանրապես շատ վատ անդրադառնա տնտեսության վրա»։

«Մարդիկ, ովքեր ստիպված իբր իրենց համար բիզնես էին ստեղծել, որոշակի եկամուտներ ապահովելու կտրվածքով, այսօր կոտրած տաշտակի դիմաց են կանգնած բազմաթիվ առումներով՝ ինչպես մաքսազերծման, իրացման հարցում, այնպես էլ քաղաքում մեքենաների շարժվելու հնարավորության  առումով»։

Բոստանջյանի խոսքով՝  փոքր թողունակության փողոցների պարագայում մենք ունենք ահավոր վիճակ։

Նույն խնդրին անդրադառնալով՝ Թադևոս Ավետիսյանն ասում է․

«Այն մեքենաները, որոնք չեն կարողանալու վաճառել , չեն կարողանալու իրացնել, իսկ մեր ներքին պահանջարկը 4 անգամ ավելի պակաս է, քան որ ներկրվել է։ Այստեղ լուրջ խնդիրների առաջ ենք կանգնելու, որը շղթայաբար բերելու է տնտեսական և սոցիալական այլ խնդիրներ իր հետ»։

Վարդան Բոստանջյանն էլ ասում է՝ տպավորություն է, թե  նախկինում ընդհանրապես ոչինչ գոյություն չի ունեցել, հիմա ամեն մի շնչել-արտաշնչելը արդեն նվաճում է։

«Էդ 7.8 տոկոսը գրանցվել է, բայց ես՝ որպես մասնագետ, էդ դիտակետից ասել եմ, որ  տնտեսական ակտիվության ցուցանիշ է, ցանկացած զարգացում որակական առումով կառուցված է  ՀՆԱ-ի վրա։ ՀՀ-ում այդ առումով դեռևս հաջողություն գրանցված չէ՝ անկախ այն հանգամանքից, որ արդյունաբերության ոլորտում գրանցվել է 9 տոկոս աճ»։

Բոստանջյանի համոզմամբ՝   տնտեսական 7.8 տոկոսը որակական հավելյալ արժեք չի ստեղծել։