Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ի՞նչ սպառնալիքներ կան, եթե «Մարտի 1»-ի նյութերը լինեն փաստաբանների մոտ (տեսանյութ)

Վերաքննիչ դատարանն այսօր չհասցրեց քննել սահմանադրական կարգի տապալման գործով ամբաստանյալ  Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին Մարտի 1-ի ամբողջական նյութերի տրամադրման դեմ դատախազության կողմից բերված բողոքը, որովհետև պաշտպանական կողմը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավորին, որն էլ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Դատական նիստի ավարտից հետո լրագրողները մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է դատախազությունը բողոք ներկայացրել, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրվել է  Մարտի 1-ի ամբողջական նյութերը։ Մեղադրող դատախազը որպես պատճառ ներկայացրեց այն, որ քրեական գործի նախաքննությունը դեռ չի ավարտվել, իսկ նախաքննությունը իրականացվում է գաղտնիության պայմաններում։

«Քրեական դատավարության օրենսդրությունը նախատեսում է  քրեական գործից մաս անջատելու ռեժիմ։ Երբ առկա են որևէ գործով դատարան ուղարկելու բավարար ապացույցներ, վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացնում համապատասխան մեղադրյալների նկատմամբ քրեական գործ անջատելու։ Սա վարույթն իրականացնող մարմնի բառառիկ լիազորությունն է, և այդ լիազորությունն իրականացնելով՝ վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել՝ անջատվել են գործի նյութերը և տրամադրվել են պաշտպանական կողմին։ Իսկ այն քրեական գործը, որը դեռևս գտնվում է նախաքննության փուլում, ունի գաղտնիության ռեժիմ և հետևաբար չի կարող տրամադրվել պաշտպանական կողմին։ Դրանով կարող են վնասվել այլ անձանց իրավունքները»,- պարզաբանեց մեղադրող դատախազը։

Պաշտպանական կողմն էլ կարծում է, որ իրավունք ունի պաշտպանությունը լիարժեք կատարել։ Ըստ Հովհաննես Խուդոյանի՝ պաշտպանական կողմին տրամադրած նյութերը վերաբերում են  2008թ․-ի հարցաքաննություններին, սպանությունների հանգամանքների վերաբերյալ մոտ 13 հատոր կիսատ գործերի նյութերին,  Ազատության հրապարակի առավոտյան իրադարձությունների, 2008թ․-ի հունիսից հետո ոստիկանության ենթադրյալ կեղծիքների մասին։

Պաշտպանական կողմը չի հասկանում, թե ի՞նչ կապ կա սպանությունների հանգամանքների վերաբերյալ կիսատ գործերի նյութերի և 2008թ․-ի հունիսից հետո ոստիկանության ենթադրյալ կեղծիքների մասին նյութերի՝ քրեական գործին կցման հետ։

«Բայց սրանք առանձնացվել են, ընդ որում՝ ընտրողաբար։ Օրինակ՝ 2008-ից դրված է մի ոստիկանի ցուցմունք, դրված չէ 2-րդ ոստիկանի ցուցմունքը նույն բանի մասին։ Մենք չենք կարող վստահել դատախազությանը»,- ասաց Հովհաննես Խուդոյանը և հավելեց․

«Նախաքննության տվյալները, որոնք, ըստ էության, մեր գործին չեն վերաբերվել, նաև այդ մասով է տրամադրվել մեզ և հղում կատարել, որ այլ մարդկանց վերաբերյալ գործերով նույնպես տվյալներ կան, բացարձակ անհիմն է»։

Ըստ Հովհանես Խուդոյանի՝ բողոք ներկայացնելու պատճառն այն է, որ այդ նյութերում կան տվյալներ, որոնք կարող են օգտագործել պաշտպանական կողմը, իսկ դատախազությունը չի ցանկանում կիսվել այդ նյութերով։

Մանրամասները՝ տեսանյութում։