Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱրմՀովն
A A
Հասարակություն

Ի՞նչ դիրք է գրավում Հայաստանը ներդրումային միջավայրի իրավական կարգավորման ինդեքսում

Հայաստանի տնտեսական զարգացման հիմնաքարերից մեկը օտարերկրյա ներդրումների անհրաժեշտությունն է։ 

Այդ մասին նշեց Էկոնոմիկայի փոխնախարար Արման Հովնանյանը  Էկոնոմիկայի նախարարությունում ընթացող աշխատաժողովից առաջ, որի ընթացքում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) մասնագետները ներկայացրին ՏՀԶԿ օտարերկրյա ուղղակի ներդրումներ (ՕՈՒՆ) կարգավորումների սահմանափակման ինդեքսը։

Փոխնախարարը նշեց, որ Հայաստանն առաջին անգամ է այս ինդեքսում։

«Այս միջավայրի վրա գործոնների գնահատումը կատարվում է տարբեր տեսակի միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից՝ հրապարակվող ինդեքսների միջոցով»,- նշեց Հովնանյանը՝ հավելելով, որ ինդեքսները քաղաքակիրթ աշխարհի և պոտենցիալ ներդրողների համար հասկանալի տեղեկատվություն են պարունակում երկրի վերաբերյալ։

Հայաստանը, ըստ նրա, 2017-ից սկսած ՏՀԶԿ-ի մեջ է։ Կազմակերպությունն ունի օտարերկրյա ներդրումների սահմանափակումների ինդեքս հասկացությունը, որն ուղղված է ներդրումային վիճակի գնահատականին՝ իրավական տեսանկյունից։

«Ազգային օրենսդրության մակարդակում, միջազգային պայմանագրերի մակարդակում ինչպիսի կարգավորումներ են գործում և ինչքանով է ազատ, և առանց սահմանափակումների է դաշտը օտարերկրյա ներդրողների համար»,- պարզաբանեց փոխնախարարը։

Արման Հովնանյանը կարևորեց այլ երկրների հետ համեմատությունը ու չափելիությունը։ Ըստ նրա՝ Հանրապետությունն առաջին անգամ է ներագրավվել այս ինդեքսում․ «Բավական լավ արդյունք ունենք և տեղ ենք զբաղեցրել առաջին տասնյակում։ ՊԵտք է նշել, որ այստեղ ներգրավված են մեծ քսանյակի բոլոր երկրները, ՏՀԶԿ անդամ բոլոր երկրները, ընդհանուր առմամբ 60-70 երկիր»։

Հարցին, թե ինչ չափանիշներ են հաշվի առնվել, նախարարի տեղակալը պատասխանեց, որ մեթոդաբանությունը հիմնված է երկու տարբեր ոլորտների վերլուծությունների վրա, իսկ վերջիններս իրենց հերթին վերլուծվում են չորս գործոնների հիման վրա։ Հիմնականում, Հովնանյանի փոխանցմամբ, դրանք վերաբերում են օտարերկրյա ներոդրողների համար օրենսդրական սահմանափակումներ հանդիսացող օրենսդրական կագրավորումներին։

«Սա, երևի թե, անհրաժեշտ պայման է, որպեսզի աշխարհի համար հասկանալի լեզվով, աշխարհի համար հասկանալի չափանիշներով համարվենք ներդրումային գրավչություն ունեցող երկիր։ Սա բնականաբար բավարար պայման չէ, ժամանակի ընթացքում այլ գործոններ էլ կան»,- նկատեց նախարարի տեղակալը։

Անդրադառնալով հարցին, թե ինչ չափանիշներ է Հայաստանը բարելավել՝ Հովնանյանն ասաց, որ հիմա տեղին չի լինի խոսել, քանի որ Հանրապետությունն առաջին անգամ է ընդգրկվել, դինամիկա չի եղել, օրինակ՝ 20-րդ տեղը չի զբաղեցրել և հիմա էլ 10-րդն է, ուստի բարելավման մասին հնարավոր կլինի խոսել հաջորդ հրապարակման ժամանակ։

«Մեր հարևան երկրներից բավական ավելի առաջանցիկ դիրքերում ենք։ Մեր հարևաններից Վրաստանը ներգրավված չէ, Եվրասիական տնտեսական գոտուց Ռուսաստանից շատ առաջ ենք, Ղազախստանից առաջ ենք, Թուրքիայից առաջ ենք։ Առաջ ենք այնպիսի զարգացած երկրներից, ինչպիսին են՝ Շվեյցարիան, Ավստրիան, Միացյալ Թագավորությունը»,- ընդգծեց փոխնախարարը։

Դիտարկմանը, թե վերոնշյալ վերջին 3 երկրները տնտեսապես ավելի զարգացած են, և արդյոք զարմանալի՞ չէ, որ Հայաստանն ավելի առաջ է, տեղակալն ասաց, որ զարմանալի չէ, որովհետև այս զեկույցն ուսումնասիրում է համեմատաբար ավելի նեղ սպեկտոր։ 

«Ներդրումային միջավայրի վրա ազդող բազմաթիվ գործոններ կան, ասենք՝ ենթակառուցվածքներ, մարդկային կապիտալ և այլն։ Այս դեպքում մենք գործ ունենք միայն իրավական դաշտի ուսումնասիրությանն հետ, որն այլ հավասար պայմաններում նորմալ է և բնականոն, որ կարող ենք նաև առաջ լինել այդպիսի զարգացած երկրներից»,- մեկնաբանեց նա։

Հարցին, թե օտարերկրյա քանի՞ ներդրում է եղել, ո՞ր երկրներից և ո՞ր ոլորտներն են առավել գրավիչ ներդրողների համար, Հովնանյանն ասաց, որ յուրաքանչյուր տարվա համար տվյալներ են հրապարակվում, և դրանք հիմնականում նման են միմյանց․

«Առաջին տեղում ինչպես միշտ Ռուսաստանն է, որին հաջորդում են այլ եվրոպական երկրներ։ Այսպես ասեմ՝ ներդրումներն իրենք բավական զգայուն են ցանկացած տեսակի փոփոխության նկատմամբ»։