Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-kBa0FMGtT7
A A
Հասարակություն

Արթուր Վարդանյանի գործով նիստ տեղի կունենա, խափանման միջոցի հարցը դեռ չի որոշվել

Նորքի զինված խմբի պարագլուխ ներկայացվող Արթուր Վարդանյանի եւ մյուսների գործով երկարատեւ ընդմիջումից հետո կրկին նիստ է նշանակվել։  Դատավոր Մեսրոպ Մակյանը  սեպտեմբերի 13-ին նիստ է նշանակել։

Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Արթուր Վարդանյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը։

Հիշեցնենք, որ դատավորը դատական քննություն նշանակելու որոշման մեջ պետք է նաեւ որոշում կայացնի՝ խափանման միջոցները եւ պատճառված վնասի ապահովման միջոցները վերացնելու, փոխելու կամ ընտրելու մասին։

Արթուր Վարդանյանը գրեթե 4 տարի է գտնվում է կալանքի տակ։  Շուրջ երեք տարի գործը մակագրված էր դատավոր Արմեն Բեկթաշյանին։  Սակայն Արմեն Բեկթաշյանը օգոստոսի 1-ի  նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով տեղափոխվել է Վերաքննիչ դատարան: Արմեն  Բեկթաշյանի տեղափոխվելուց միայն 22 օր անց է գործի մակագրում տեղի ունեցել, թեեւ Արթուր Վարդանյանը բազմիցս  բարձրաձայնել է ողջամիտ ժամկետում գործի քննության իր իրավունքի խախտման մասին:

Կալանքի տակ գտնվելու ընթացքում պաշտպանական կողմը բազմաթիվ միջնորդություններ է ներկայացրել՝ Արթուր Վարդանյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։  Պաշտպան Արայիկ Պապիկյանը նույնիսկ  դատաբժշկական փորձաքննություն նշանակելու եւ խափանման միջոցը փոխելու միջնորդություններ էր ներկայացրել։ Սակայն հազվադեպ դատական նիստեր անցկացնող Արմեն Բեկթաշյանը դա չէր քննարկել։

 Անազատության մեջ գտնվելու ընթացքում Արթուր Վարդանյանը բազմաթիվ առողջական խնդիրներ է ձեռք բերել։ Գործով անցնող 20 անձանցից միայն Արթուր Վարդանյանն է կալանքի տակ։ Մյուսների խափանման միջոցները փոխվել են։ Թեեւ բոլորին էլ նույն մեղադրանքն է առաջադրված։  

Ըստ գործի նյութերի՝  2015-ի ապրիլից գտնվելով ՀՀ տարածքում, Արթուր Վարդանյանը ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն զավթել՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչն ավարտին չի հասցվել՝ նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր գործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: