«Տեղական արտադրողից կլինեն ձեռքբերումները՝ պայմանով»․ Փաշինյանը՝ ռազմարդյունաբերության մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարության նիստը վարող վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների ներկայացուցիչների հետ երեկվա հանդիպմանը։
«Մենք նրանց հետ ձեռք ենք բերել հետևյալ պայմանավորվածությունը, պարո՛ն Տոնոյան։ Որ մենք շատ արագ կգույքագրենք ռազմաարդյունաբերական համալիրի ոլորտի այն արտադրանքները, որոնք թողարկվում են Հայաստանի Հանրապետությունում»,- նշեց գործադիր իշխանության ղեկավարը։
Փաշինյանն ասաց, որ կազմվելու է Զինված ուժերի առաջիկա 5 տարվա պահանջարկի ծրագիրը, և աշխատանքներ կտարվեն երկու ուղղությամբ․ կառավարությունը խնդիր կդնի, որ տեղական արտադրողից լինեն ձեռքբերումները՝ պայմանով, որ եթե տեղական արտադրողները կցուցադրեն իրենց արդյունավետությունը բարձրացնելու, ինքնարժեքը ցածրացնելուն ուղղված գործողությունները և ճանապարհային քարտեզը։
«Պետք է հասկանանք, որ սա երկկողմանի գործընթաց պետք է լինի, որտեղ և՛ կառավարությունը, և՛ արտադրողները պետք է ապացուցեն արդյունավետությունը բարձրացնելու, նորարարությունների շրջանակում գործելու իրենց մարտավարությունը և ռազմավարությունը»,- ընդգծեց Փաշինյանը ու հավելեց՝ դիմելով Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին, որ որակի հարցում որևէ կոմպրոմիս լինել չի կարող։