Բացել լրահոսը Փակել լրահոսը
67487249_2314235972162735_5985250421210349568_n
A A
Հասարակություն

Ընթանում է Սամվել Բաբայանի գործով դատական նիստը (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում կայացավ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը։

Հիշեցնենք, որ Առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 190-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացում) և դատապարտել 6 տարվա ազատազրկման։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: Գործով որպես ամբաստանյալ անցնում են նաև Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն և Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը:

Դատավոր Գագիկ Պողոսյանը թույլատրեց ԶԼՄ-ներին տեսանկարահանել ընդամենը 10 րոպե։ 

Գագիկ Պողոսյանը հավանաբար տեղյակ չի, որ 2019 թվականի հունվարից պաշտոնապես ուժի մեջ են մտել «Զանգվածային լրատվության միջոցների հետ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների փոխհարաբերության կանոնները», որոնք հստակեցնում և բարելավում են դռնբաց դատական նիստերը լուսաբանելու պայմանները։

Այսօրվա նիստը հետաձգվեց, քանի որ Սամվել Բաբայանից բացի՝ գործով անցնող մյուս երկու ամբաստանյալները չունեն պաշտպան։ Եվ որոշվեց, որ նրանց համար պետք է հրավիրվեն հանրային պաշտպաններ։

Հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 21-ին, ժամը 12․00-ին։